Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայի նախագահի թեկնածու, ազգութեամբ քուրդ Սալահէդդին Դեմիրթաշը հարցազրոյց է տւել «Ակօս» պարբերականին եւ ի թիւս այլ հարցերի՝ անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեանը:

Նա խոստացել է նախագահ ընտրւելու դէպքում՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնն ու ամէն տարի Ապրիլի 24-ին յարգել հայ զոհերի յիշատակը:

«Ես մարդու իրաւունքների պաշտպան եմ: Երկար տարիներ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ եմ զբաղւել: 8 տարի է՝ քաղաքականութեան մէջ եմ: Ուսանողական տարիներից հետաքրքրւել եմ քաղաքականութեամբ եւ միշտ հայ ժողովրդի դէմ իրականացւածը ցեղասպանութիւն եմ ընկալել ու ճանաչել»,- ասել է նա:

Դեմիրթաշը նշել է, որ դա իր անձնական տեսակէտն է, հայ ժողովրդի դէմ 1915 թւականին տեղի ունեցածը համակարգւած կոտորած էր, ոչնչացման քաղաքականութիւն, ինչին հետագայում թէեւ ոչ նոյն դաժանութեամբ, սակայն զոհ են դարձել նաեւ քրդերը:

«Ինձ նախագահ ընտրել ցանկացող իւրաքանչիւր անձ պէտք է իմանայ՝ ես 1915 թւականը ճանաչում եմ որպէս Հայոց Ցեղասպանութիւն եւ իմ նախագահութեան տարիներին ամէն տարի Ապրիլի 24-ին կատարելու եմ իմ պարտքը՝ յիշեցնելով հայ ժողովրդի դէմ իրականացւած Ցեղասպանութիւնը: Սակայն, դա թուրք ժողովրդի յանցանքը չեմ համարելու: Դա այդ ժամանակաշրջանի իշխանութեան դատապարտելի քաղաքականութեան արդիւնք է:

Ոչ միայն հայերից, այլեւ՝ դաժանութիւններ տեսած բոլոր ազգերից պետութեան անունից ներողութիւն խնդրելն ու առերեսւելը կարեւոր է»,- ասել է նա: