Աղբիւր՝ www.alikonline.ir
Անցեալ շաբաթ թուրքական «Սաբահ» թերթը հրապարակել էր հետեւեալ մտահոգիչ լուրը. «Աւստրալիայի արտգործնախարար. Հայկական հարցը ցեղասպանութիւն չէ»:
«Սաբահ»-ը նկարագրել էր այն դէպքերը, որոնք յանգեցրել էին թերթի նողկալի խորագրին: Թուրք-ամերիկեան ընկերակցութիւնների համագումարի խորհրդի անդամ եւ նախկին նախագահ Գիւնայ Էւինչը վերջերս այցելել էր Աւստրալիա՝ տեղի թուրքական խմբերին տեղեկացնելու Մովսէսեանի դատական գործի մասին: Նա պատմել էր, որ «Միացեալ նահանգների Գերագոյն դատարանը ուժի մէջ է թողել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի՝ Կալիֆորնիայի օրէնքն անվաւեր ճանաչելու մասին որոշումը, որը Հայկական Հարցը բնորոշել էր որպէս ցեղասպանութիւն, որովհետեւ Ա.Մ.Ն.-ի դաշնային քաղաքականութիւնը Հայկական Հարցը չի բնորոշում որպէս ցեղասպանութիւն»:
«Սաբահ»-ը նաեւ հաղորդել էր, որ Էւինչի այցը «մաս է կազմել անգլօ-թուրքական սփիւռքի համագործակցութեան աւելի լայն ծրագրի, որով Միացեալ նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Աւստրալիայի եւ Նիւ Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լաւագոյն փորձը՝ հիմնւած ընդհանուր իրաւագիտական եւ քաղաքական ժառանգութեան վրայ»:
Աւստրալիայի թուրքական զօրակցութեան միութեան ղեկավար Էրթունչ Օզէնը, հետեւելով Էւինչի խորհրդին, մայիսի 5-ին նամակ էր յղել Աւստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպին՝ «մտահոգութիւն յայտնելով բանաձեւերի առնչութեամբ, որոնք ընդունւել էին Նոր Հարաւային Վելզի խորհրդարանի կողմից 2013 թւականի մայիսին՝ Թուրքիայի վերաբերեալ եւ տարբեր համայնքների ճակատագրի Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ յետոյ»:
Արտգործնախարար Բիշոպը յունիսի 4-ին գրել էր Օզէնին. «Աւստրալիայի կառավարութիւնը ընդունում է, որ Օսմանեան կայսրութեան գոյութեան վերջին տարիներին տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնները աղէտալի հետեւանքներ են ունեցել հետագայ սերունդների եւ նրանց ինքնութեան, ժառանգութեան ու մշակոյթի վրայ»: Զարմանալիօրէն, նա յաւելել էր. «Սակայն այդ դէպքերը մենք չենք ճանաչում որպէս «ցեղասպանութիւն»: Աւստրալիայի նահանգները եւ տարածքները սահմանադրական դերակատարութիւն չունեն Աւստրալիայի արտաքին քաղաքականութեան մշակման գործում: Յարգելով սոյն հարցի վերաբերեալ անհատների եւ խմբերի անդրդւելի հայեացքներ ունենալու իրաւունքը, Աւստրալիայի կառավարութիւնը վաղուց ի վեր յստակ մօտեցում է որդեգրել՝ չմասնակցել այս զգայուն բանավէճին»:
Աւստրալիայի արտգործնախարարը սխալւում է երեք հարցում. նախ՝ նա սխալ է թոյլ տւել, նշելով, որ Աւստրալիան չի ճանաչում Հայոց ցեղասպանութիւնը: Չնայած Աւստրալիայի կառավարութիւնը գերադասում է չօգտագործել ցեղասպանութիւն եզրը, որպէսզի չթշնամացնի Թուրքիային, սակայն ոչ մի պաշտօնեայ երբեւէ չի յայտարարել, որ այն ցեղասպանութիւն չէ. երկրորդ՝ նա սխալ է գրել, որ Աւստրալիայի նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, ձեւաւորել են արտաքին քաղաքականութիւն: Այս նահանգները պարզապէս ճանաչել են պատմական մի իրողութիւն. եւ երրորդ՝ նա հակասում է ինքն իրեն, նշելով, որ Աւստրալիայի կառավարութիւնը չի մասնակցում այս «զգայուն բանավէճին», սակայն իրեն թոյլ է տւել միջամտել, նշելով, որ դա ցեղասպանութիւն չէ...
Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Վաչէ Ղահրամանեանն անմիջապէս խիստ ձեւակերպմամբ մի նամակ է յղել արտգործնախարարին՝ նրա «սխալ յայտարարութիւնը» անւանելով «խորապէս վիրաւորական եւ ցաւալի Աւստրալիայի հայ համայնքի համար»: Նա նաեւ Բիշոպի դիրքորոշումը բնութագրել է որպէս «անհանդուրժելի», «աններելի», «խիստ վիրաւորական» եւ «վնասակար բոլոր աւստրալիացիներին»: Կահրամանեանն արդարացիօրէն զարմացել է, թէ «Ինչպէ՞ս կարող է Աւստրալիայի բարոյագիտակցութիւնը դառնալ այսքան փչացած»:
Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէնը յիշեցրել է արտգործնախարարին, որ նրա յայտարարութիւնը խիստ հակասում է «ներկայիս կառավարութեան բազմաթիւ բարձրաստիճան նախարարների արտայայտած դիրքորոշումներին: Վերջերս, 2014 թւականի ապրիլին, Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին նւիրւած ոգեկոչման միջոցառմանը Աւստրալիայի գանձապետ Ջօ Հոկին հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ՝ Ապրիլի 24-ը նշելով որպէս օր «երբ հաւաքւում ենք յիշելու ցեղասպանութեան ժամանակ զոհւած 1.5 միլիոն մարդկանց»: Նախարարներ՝ Թերնբուլը, Մորիսոնը, Աշխատաւորական, Կանաչների, փոքր եւ անկախ կուսակցութիւնների այլ բարձրաստիճան անդամների հետ միասին կոչ են արել Աւստրալիայի խորհրդարանին պաշտօնապէս ճանաչել 1915 թւականի իրադարձութիւնները՝ որպէս ցեղասպանութիւն: Աւստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը, ընդդիմութեան առաջնորդ եղած ժամանակ, հանդէս է եկել ամենամեայ յայտարարութեամբ՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանութիւնը՝ առանց որեւէ որակաւորման կամ մեղմասացութեան»:
Կահրամանեանը նաեւ ասել է արտգործնախարարին. «Ժխտելով Հայոց ցեղասպանութիւնը, դուք ժխտում էք նաեւ Աւստրալիայի սեփական պատմութիւնը: Աւստրալիայի ազգային արխիւում պահւում են A.N.Z.A.C.-ի (Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակային կորպուսի) ռազմագերիների անթիւ ու անհամար վկայութիւններ, որոնք գերեվարւել էին Օսմանեան կայսրութիւնում... Այս անհերքելի վկայութիւնները վառ յիշողութիւններ են հայ ժողովրդի տառապանքների եւ ոչնչացման մասին»:
Աւստրալիայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնեանը կոչ է արել արտգործնախարարին՝ «անյապաղ չեղեալ համարել այս դատողութեան լուրջ սխալը» եւ հանդիպում է խնդրել նրա հետ:
Ես առաջարկում եմ, որ աւստրալահայերը պարզեն վարչապետ Թոնի Էբոթից՝ արդեօք արտգործնախարարը նրա հետ նախապէս համաձայնեցրե՞լ է այդ խիստ վիրաւորական նամակը: Եթէ ոչ, ապա Հայ դատի յանձնախումբը պէտք է պահանջի արտգործնախարարի անյապաղ պաշտօնանկութիւնը: Հայ դատի յանձնախումբը պէտք է խնդրի Աւստրալիայի բոլոր երեք նահանգների խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը, ընդունել մի նոր բանաձեւ՝ դատապարտելով արտգործնախարար Բիշոպի ժխտողական դիրքորոշումը եւ կոչ անել վարչապետին հեռացնել նրան պաշտօնից։