Աղբիւր՝ www.alikonline.ir
«Ակօս» պարբերականը «Հայերը՝ նախագահի թեկնածուների աչքով» վերնագրով յօդւած է հրապարակել, որում ներկայացրել է Թուրքիայի նախագահի պաշտօնի թեկնածուների Հայոց Ցեղասպանութեան հարցում ունեցած մօտեցումները:
Պարբերականն առաջինն անդրադարձել է երկրի ներկայ վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին, որի վարած հակահայ քաղաքականութիւնը բոլորին լաւ ծանօթ է: Ըստ կայքի՝ Էրդողանը, ով շարունակ պնդել է, որ մուսուլմանը երբեք չի կարող ցեղասպանութիւն իրագործել, «առաջընթաց» է ապրել այնքան, որ ապրիլի 24-ի կապակցութեամբ ցաւակցական ուղերձ է յղել Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգներին:
«Նախագահի թեկնածու առաջադրւելուց ամիսներ առաջ՝ 1915 թւականի համար ցաւակցական ուղերձ յղած եւ բոլորին այդ քայլով զարմացրած Էրդողանը Թուրքիայի քաղաքական անցեալում կը մնայ որպէս մարդ, ով Թուրքիայի քաղաքացի չեղող հայերին սպառնացել է երկրից արտաքսել: Իր ելոյթներում Թուրքիայի ժողովուրդների անուններն արտասանելիս՝ հայերի, յոյների, հրեաների եւ ասորիների անունները չյիշատակած Էրդողանի անունը, ով «յոյն» բառն ասելիս՝ նախ ներողութիւն է խնդրում, կը մնայ բոլորի մտքում»,- գրել է կայքը ու յաւելում. «Էրդողանի ամենազարմացնող արտայայտութիւններից մէկն այն էր, երբ տարբեր երկրներում 1915 թւականի վերաբերեալ օրէնքներ էին ընդունւում եւ Թուրքիային դատապարտում, նա չէր վարանել սպառնալ Թուրքիայում բնակւող հայերին, ասելով. «Իմ երկրում 170,000 հայեր կան, նրանցից 70,000-ը իմ քաղաքացիներն են: Մնացած 100-ը ժամանակաւոր են: Մի օր, եթէ հարկ լինի, նրանց դուրս եմ հանելու երկրից, վերջապէս, նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտաւոր չեմ նրանց իմ երկրում տեղ տալ»:
Էքմելէդդին Իհսանօղլու
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ «Ազգային շարժում» կուսակցութիւնների համատեղ առաջադրած թեկնածու, Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան նախկին ղեկավար Էքմելէդդին Իհսանօղլուն 1915 թւականի դէպքերը որակում է որպէս «պատմական պնդում»:
«1915 թւականին պատահած ցաւալի դէպքերը մեզ միշտ վշտացրել են եւ շարունակելու են վշտացնել: Ես շատ լաւ եմ յիշում, երբ համալսարանում դասախօսական կազմի երիտասարդ անդամ էի, մասնակցում էի մշակոյթի նախարարութեան միջոցառումներին եւ սերտ կապեր ունէի արտգործնախարարութեան հետ: Այս երկու նախարարութիւնների միջոցառումներին մասնակցելով՝ ծանօթ եմ այս հարցի էութեանը: Կառավարութեան ցաւակցական ուղերձը ճիշտ եւ տեղին էր: Թուրքիան այս հարցը պէտք է լուծի համբերատարութեամբ, սառնասրտութեամբ՝ օգտագործելով դիւանագիտական եւ գիտական բոլոր ճանապարհները: Այս պահին աւելին չեմ կարող ասել»,- ասել էր Իհսանօղլուն:
Իսկ ինչ վերաբերում է հայերի աջակցութեանն արժանացած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան նախագահ Սալահէդդին Դեմիրթաշին, նա միշտ աչքի է ընկել Հայոց Ցեղասպանութեան եւ հայերի մասին իր օբիեկտիւ տեսակէտներով: Դեմիրթաշը բազմիցս յայտնել է, որ Թուրքիայի պետութիւնը պէտք է ներողութիւն խնդրի հայերից՝ շեշտելով, որ Ցեղասպանութեան բեռը չպէտք է դնել Թուրքիայի ժողովրդի ուսերին: «Ցեղասպանութիւնն իրագործողը Օսմանեան կայսրութիւնն է: Օսմանեան կայսրութիւնն այժմ չկայ, սակայն Թուրքիայի Հանրապետութիւնը այդ դէպքերի համար պէտք է ներողութիւն խնդրի հայերից: Սա խաղաղութեան կարեւոր ներդրում կարող է լինել»,- ասել է նա: