Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայի եւ Միացեալ նահանգների մէջ գործող գաղափարակիցների Ֆեթուլլահ Կիւլենի համայնքը վերջին 8 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ լոբիինգի համար 1.5 միլիոն դոլար է ծախսել: Այս մասին գրել է թրքական «Հաբեր 10» լրատւական կայքը՝ յղում կատարելով ամերիկեան Buzzfeed կայքին:

Նշւում է, որ 2007 թւականից ի վեր Կիւլենական համայնքը Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ աշխատելու համար Միացեալ նահանգների քաղաքական գործիչներին 1.5 միլիոն դոլարի նւիրատւութիւն է կատարել: Նւիրատւութիւն ստացած անձերի կարգին են Միացեալ նահանգների նախագահ Բարաք Օբաման, արտաքին գործոց նախարար Հիլըրի Քլինթոնը եւ այլ նշանաւոր անձնաւորութիւններ:

Ֆեթուլլահ Կիւլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրօնական կազմակերպութեան առաջնորդն է: Այն արդի իսլամութիւն քարոզող հզօր շարժում է, որ հարիւրաւոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիւ իսլամական երկրների, որոնց կարգին Թուրքիայի մէջ։ Մինչեւ վերջերս այն նկատւել է Թուրքիայի վարչապետ Ռեջէփ Թայիփ Էրդողանի գլխաւորած Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան քաղաքական յենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափաւորութիւն, հանդուրժողականութիւն, միջկրօնական երկխօսութիւն, իսլամի եւ ժողովրդավարութեան համատեղելիութիւն: Ֆեթուլլահ Կիւլենը, որ 1999-ից ի վեր որպէս վտարանդի բնակւում է Միացեալ նահանգներում, մեծ ազդեցութիւն ունի թրքական կառավարութեան եւ ուժի կենտրոն հանդիսացող կառոյցների վրայ: Թուրքիայի խորհրդարանում մեծ թւով պատգամաւորներ նկատւում են Կիւլենական աղանդի հետեւորդներ:

Էրդողանի եւ Կիւլէնի միջեւ յարաբերութիւնները լարւել են անցեալ չեկտեմբերէն, երբ կատարւեցին Էրդողանի վերաբերող խայտառակութիւնների բացայայտումը։ Դրանից յետոյ Էրդողանը յայտարարել է, որ բացայայտումների համար մեղաւոր է Կիւլենական համայնքը, որ ուզում է տապալել իր կառավարութիւնը: Էրդողանը նաեւ հրահանգել է Թուրքիայում փակել Կիւլենական շարժման պատկանող բոլոր ուսումնական հաստատութիւնները։