Աղբիւր՝ www.asbarez.com

 

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Քանադայի Ուինիփեք քաղաքում 16-19 Յուլիսին տեղի ունեցաւ Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան (International Association of Genocide Scholars) 11-րդ տարեկան գիտաժողովը, որն այս տարի կրում էր «Ժամանակը, շարժումը եւ տարածութիւնը. Ցեղասպանագիտութիւնը եւ բնիկ ազգերը» (Time, Movement, and Space: Genocide Studies and Indigenous Peoples) խորագիրը: «Արմէնփրէս»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքին այս մասին յայտնել է գիտաժողովին Հայաստանի մասնակից, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի փոխտնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու Սուրէն Մանուկեանը:
Նրա զեկոյցին խորագիրն էր՝ «Նորեկները եւ տեղաբնիկները: Հայոց հայրենիքի միատարրացումը որպէս Օսմանեան կայսրութեան վերջին տարիների ազգաստեղծ եւ պետականաստեղծ նախագիծ» (Newcomers and Indigenous: Homogenization of Armenian Homeland as Nation and State Building Project in the Late Ottoman Empire):
Նա նշեց, որ Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը 2007-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ 2010-ին ստացել է Հայաստանի նախագահի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործի մէջ նշանակալի աւանդի համար շնորհւող մրցանակը: «Այս կազմակերպութեան բոլոր գիտաժողովներում Հայոց Ցեղասպանութեան թեմայով զեկոյցներին միշտ մեծ տեղ է տրուել: Սակայն, վերջին տարիներին պատկերը փոխուել է: Գնալով Հայոց Ցեղասպանութեան զեկոյցների թիւը, ցաւօք, նուազում է, եւ ներկայանալի այս գիտաժողովին այս տարի Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրողներից հրաւէր ստացել են ընդամէնը երկու մասնագէտ՝ Սուրէն Մանուկեանը՝ Հայաստանի Գիտութիւնների Ազգային ակադեմիայի Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտից, եւ Ռուբինա Փիրումեանը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից», յայտնել է Սուրէն Մանուկեանը: