Աղբիւր՝ www.yerkir.am

 

Օրեր առաջ թուրքական «Թարաֆ» թերթը յօդւած էր հրապարակել, որում ասւած էր, թէ նախագահի թեկնածու Էրդողանը մտադիր է կարգաւորել Հայաստանի հետ յարաբերութիւնները եւ նոյնիսկ բացել Հայաստանի հետ սահմանը: Յետոյ Թուրքիայի արտգործնախարարութիւնը հերքեց այդ լուրը: Արդեօ՞ք Էրդողանը ցանկանում է փոխել Թուրքիայի իմիջը` մամուլի միջոցով հրապարակ նետելով Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերեալ յօդւածներ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանը կարծիք յայտնեց, որ Էրդողանը ցանկանում է փոխել Թուրքիայի իմիջը` տարբեր նախաձեռնողական քայլերի միջոցով փորձելով ցոյց տալ, թէ իբրեւ ինքն այնքան էլ վատը չէ: «Այն, որ Էրդողանը իմիջի խնդիր ունի, դա պարզ է, ահա` ինչու փորձում է ցոյց տալ, թէ քրդերի հարցն է ցանկանում լուծել, թէ Հայաստանի հետ յարաբերութիւններն է ցանկանում կարգաւորել»,- ասաց Կիրօ Մանոյեանը: Նա չբացառեց, որ ընթանում են Ադրբեջան-Թուրքիա բանակցութիւններ, եւ Թուրքիան Հայաստանի սահմանների հաւանական բացման լուրը մէջտեղ է գցել, որպէսզի Ադրբեջանը միանգամից հակազդի դրան:

«Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյեանի կարծիքով` Թուրքիան նման իմիտացիոն քայլերով փորձում է շեղել Հայաստանի ուշադրութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի թեմայից: «Մենք, ցաւօք, չենք ներկայացնում Թուրքիային օրակարգ»,- ասաց նա: