Աղբիւր՝ www.aztagdaily.com
Հոլանդիայի Օւերէյսել մարզի խորհրդարանը 2 յուլիս 2014-ի նիստին ընթացքում ընդունեց մի բանաձեւ, որտեղ արտայայտւել է խորհրդարանի դիրքորոշումը նախորդ 1 յունիսին թրքական կազմակերպութիւնների բողոքի ցոյցի նկատմամբ, որ ուղղւել էր Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրւած Հայոց ցեղասպանութեան յուշարձանի դէմ:
Այս մասին հաղորդում է Հոլանդիայի հայկական կազմակերպութիւնների դաշնակցութիւնը:
Այդ ցոյցի ընթացքում հայ ժողովրդի հասցէին եղել են անարգալից, զրպարտական եւ վիրաւորական արտայայտութիւններ, որտեղ կոպտօրէն հերքւել է Հայոց ցեղասպանութիւնը: Բանաձեւը, որ ներկայացրել են Քրիստոնէական միութիւն, Բարեփոխւած քաղաքական կուսակցութիւն, Ազատութեան համար կուսակցութիւն եւ Քրիստոնեայ դեմոկրատական կոչ խմբակցութիւնների երեսփոխանները, վկայակոչում է 1915-1918 թւականներին Օսմանեան կայսրութեան մէջ 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների եւ պոնտացի յոյների), գազանաբարոյ ջարդերը:
Բանաձեւը հրաժարւել է Ցեղասպանութիւնը ժխտողների բողոքի ցոյցից եւ յայտնում է, որ ընդունում է Հայոց ցեղասպանութիւնը, անդրադառնալով 2004 թւականի Հոլանդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւին: Սրանով մարզային խորհրդարանը հայերին ազդանշան է տալիս, որ նրանք իրաւունք ունեն ունենալու իրենց զոհերի ոգեկոչման արժանի վայրը:
1 յունիս 2014-ի թրքական հանրահաւաքի արտայայտութիւնների դէմ Համագործակցող հոլանդահայ կազմակերպութիւնները (Հոլանդահայ կազմակերպութիւնների դաշնակցութիւն եւ Հոլանդիայի Հայ դատի յանձնախումբը) նախորդ շաբաթ գանգատ են ներկայացրել Հոլանդիայի իրաւապահ մարմիններին: