Աղբիւր՝ www.asbarez.com
20 յունիսին սահմանային երկու դէպքի իբրեւ հետեւանք զոհւել են երկու հայ զինւորներ։ Պաշտպանութեան նախարարութեան լրատւական ծառայութիւնը հրապարակել է մի հաղորդագրութիւն, որի մէջ փոխանցել է դէպքերի մանրամասնութիւնները։
«Յունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագօտու հարաւ-արեւմտեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի մարտական յենակէտում, զէնքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազէնային գնդակային վիրաւորում է ստացել ժամկէտային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրեանը: Իսկ Արցախում, Մարտունու տարածաշրջանում մարտական յենակէտում Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի պայմանագրային զինծառայող, աւագ սերժանտ 26-ամեայ Նարեկ Պօղոսեանը զոհւել է թշնամու դիպուկահարի կրակոցից: Նա ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշէն գիւղից է»,- նշւած է հաղորդագրութեան մէջ:
Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան՝ այս մասին խօսելով ասել է. «Մենք ունենք հակառակորդ, որը հրաժարւում է վստահութեան մթնոլորտ ստեղծելուց եւ անընդհատ լարւածութիւն է ստեղծում: Այդ պայմաններում մենք անընդհատ նրա հետ շփւում ենք, անընդհատ փոխադարձ կրակոցներ են հնչում: Անկասկած մենք ձգտում ենք պահել հրադադարի իրավիճակը եւ ձգտում ենք միայն կամ կանխարգելել, կամ պատասխանել: Այսօր միջադէպ է տեղի ունեցել պաշտպանութեան բանակում՝ հակառակորդի կողմից զինծառայող է զոհւել եւ նաեւ այլ միջադէպ ունենք այլ սահմանային զօրամասում՝ զէնքի օգտագործման հետ կապւած: Հիմա յարուցւած է քրէական գործ, հետաքննութիւնը տարւում է, եւ կարծում եմ, որ հանգամանքները կը պարզւեն եւ կիմանանք՝ ինչն է պատճառը: Նախնական տւեալներով՝ զէնքի օգտագործման կանոնների խախտում է եղել: Ցաւակցում եմ բոլոր հարազատներին»։