Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցութեամբ այցելել են Գեղարքունիքի մարզ: Հաղորդում է ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնը:

Զօրամիաւորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Յարութիւնեանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից յետոյ կազմակերպւել է այց Վերին Շորժայի հատւածի սահմանագիծ:

Հայաստանի Հանրապետութիւնում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը, մտահոգութիւն յայտնելով երկու երկրների սահմանային վէճերի շարունակութեան կապակցութեամբ ընդգծել է երկու կողմերի զսպւածութեան եւ երկու երկրների միջեւ վէճերի խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը: Նա իր ցաւակցութիւնն է յայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհւած զինծառայողների ընտանիքներին:

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնօրէն ճանաչւած սահմանները յարգելու անհրաժեշտութիւնը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից եւ յայտնել Իրանի Իսլամական Հանրապետութեան պատրաստակամութիւնը` աջակցելու տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատման հարցում: