ՌԴ խաղաղապահ զօրքերի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք է բերւել պայմանաւորւածութիւն հիւսիս-արեւելեան ուղղութեամբ հայ-ադրբեջանական զօրքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերեալ։ Այս մասին յայտնում են ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից։
«Այս պահին, նշւած պայմանաւորւածութիւնը հիմնականում կատարւում է»։
Յաւելենք, որ ՀՀ ԱԳՆ-ից եւս յայտնում են, որ հրադադարը պէտք է հաստատւեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ այժմ հրադադարը հարաբերական պահպանւում է։ Չնայած պայմանաւորւածութեանը, հայկական կողմից յայտնում են, որ տարբեր ուղղութիւններում կրակոցները շարունակւում են։
Օրինակ՝ Մարդու իրաւունքների պաշտպանն յայտնում է, որ 10:30-ի դրութեամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գիւղերի ուղղութեամբ։ Սոթքի բնակիչներից մէկն էլ տեղեկացրել է, որ Վերին Շորժայում ինտենսիւ մարտերը գիշերւանից շարունակւում են։
Հիշեցնենք, որ յուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հիւսիս-արեւելեան հատւածում: Ժամը 08։30-ի դրութեամբ, հայկական կողմն ունի երեք զօհ, եւս երկու զինծառայող վիրաւոր է: