Աղբիւր՝ www.asbarez.com
ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրաւէրով եւ Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցւոյ հիւրընկալութեամբ, 11-12 Յունիսին տեղի է ունենալու միջազգային խորհրդակցութիւն՝ «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրաւէրներ հաւատքի համայնքների համար» թեմայով:
Մայր աթոռի տեղեկատւական համակարգից յայտնել են, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մէջ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի նախագահութեամբ կազմակերպւած խորհրդակցութեանը մասնակցելու են Մերձաւոր Արեւելքից, Սուրիայից, Ռուսիայից, Եւրոպայի տարբեր երկրների եւ Միացեալ Նահանգներից Քրիստոնէական եկեղեցիների ներկայացուցիչներ:
Խորհրդակցութեան ընթացքին արծարծւելու են «Քաղաքական զարգացումները Սիրիայում եւ մարդասիրական հեռանկարները», «Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների ներկայութիւնը եւ վկայութիւնը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդիւնքում», «Հայկական համայնքները Մերձաւոր Արեւելքում եւ Սիրիայում եւ դրանց հեռանկարները» թեմաները:
Խորհրդակցութեան բացումը տեղի կունենայ 11 Յունիսին, «Վաչէ եւ Թամար Մանուկեան» մատենադարանի դահլիճում՝ Գարեգին Բ. կաթողիկոսի նախագահութեամբ եւ Հայաստանի վարչապետ Յովիկ Աբրահամեանի ու ԵՀԽ գլխաւոր քարտուղար Օլաւ Թուէյթի մասնակցութեամբ:
Յունիս 12-ի առաւօտեան խորհրդակցութեան մասնակիցները կայցելեն նաեւ Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: