Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լիւքսեմբուրգի Մեծ Դքսութեան Պատգամաւորների պալատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որում հետեւողականօրէն հաւատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունւած բանաձեւի ոգուն` Լիւքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էութեան, դատապարտում է Թուրքիայի ներգրաււածութեամբ Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդիւնքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան եւ Արցախի ու նրա բնակչութեան դէմ շարունակւող պատերազմական հռետորաբանութեան եւ սպառնալիքների քաղաքականութիւնը: Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Յայտարարութեան մէջ նաեւ ասւում է. «Կարեւորում ենք, որ բանաձեւում խորհրդարանը կոչ է անում Լիւքսեմբուրգի կառավարութեանը պահանջել մարդասիրական կազմակերպութիւնների մուտքը Արցախ` աջակցելու հանրապետութիւնում ստեղծւած մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը:

Յատկանշական է, որ բանաձեւում կարեւորւում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը եւ զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաեւ նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինւած ուժերի կողմից իրականացւած պատերազմական յանցագործութիւնների անկախ հետաքննութեան ու դրանց հեղինակների իրաւական պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը:

Համոզւած ենք, որ նմանատիպ բանաձեւերի ընդունումը կը դառնայ միջազգային հանրութեան կարեւոր կոլեկտիւ ներդրումը` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համապարփակ եւ արդարացի կարգաւորման գործում` հիմնւած Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անկապտելի իրաւունքի իրացման փաստի ճանաչման վրայ: