Աղբիւր՝ www.yerkir.am

 

Դեկտեմբերի 18-ին, Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 130 կողմ եւ 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան եւ դրա հետեւանքների վերաբերեալ բանաձեւ:

 Բանաձեւը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին ռազմական գործողութիւնների վերսկսումը» եւ կառավարութեանը կոչ անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղւած են պատերազմից տուժած բնակչութեան հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատուներին բացայայտելուն եւ դատապարտելուն, ինչպէս նաեւ  հրադադարի ռեժիմը  պահպանելուն եւ բանակցութիւնները  Լեռնային Ղարաբաղի սահմանները եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրաւունքը յարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Ի թիւս այլ դրոյթների, Խորհրդարանը, մասնաւորապէս, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում, եւ պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտութիւնն այս հակամարտութեանը» եւ  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից»:

Բելգիայի հայերի կոմիտէն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը յստակ եւ կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերեալ եւ շնորհակալութիւն է յայտնում այն խորհրդարանականներից, որոնք իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով` բանաձեւը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրէտ եւ կառուցողական գործողութիւնների համար:

Կոմիտէն կոչ է անում կառավարութեանը` առանց յապաղելու գործել` խորհրդարանի առաջարկութիւնների համաձայն: Նա մասնաւորապէս ընդգծում է մարդասիրական օգնութեան հրատապութիւնը եւ բելգիական ներկայութիւնը տարածաշրջանում:

Նոյն օրը Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաեւ մէկ այլ տեքստ, որն առաջադրւել էր պատգամաւոր  Միշել դէ Մագդի կողմից: Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանւում է  Բելգիայի կողմից պաշտօնապէս ճանաչւած ցեղասպանութիւնների զոհերի յիշատակին նւիրւած ազգային օր: Կոմիտէն ողջունում է այս որոշումը, որը կը նպաստի ցեղասպանութիւն ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի հայերի կոմիտէն Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը եւ խօսնակն է:  Դեռեւս  1922 թ. հիմնադրւած հայկական ինստիտուտները  համախմբւած են  Բելգիայի` հայկական ծագմամբ բոլոր բնակիչների կողմից ընտրւած համաժողովում: Հայերի թիւը երկրում աւելի քան 30,000 է: