Աղբիւր՝ www.yerkir.am

 

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինւած ուժերի ստորաբաժանումները, կուտակելով յաւելեալ անձնակազմ եւ զինտեխնիկա, այդ թւում նաեւ ծանր հրետանային միջոցներ, կոպտօրէն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան պահանջները, յարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Հին Թաղէր եւ Խծաբերդ գիւղերի ուղղութեամբ: Գրել է Yerkir.am-ը:

Ինչպէս տեղեկացնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, մի քանի ժամ տեւած մարտերի արդիւնքում հակառակորդին յաջողւել է մտնել Հին Թաղեր գիւղ, ինչպէս նաեւ ընդհուպ մօտենալ Խծաբերդ գիւղին:

Ադրբեջանական սադրանքի արդիւնքում վերսկսւած մարտական գործողութիւնների հետեւանքով հայկական կողմն ունի վեց վիրաւոր, հակառակորդն ունի զոհեր եւ վիրաւորներ:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խստօրէն դատապարտում է ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրականացւած սադրանքը: Ստեղծւած իրադրութիւնը որեւէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրւած յայտարարութեան առանցքային պահանջի` մարտական գործողութիւնների դադարեցման հետ եւ վտանգում է փխրուն խաղաղութիւնը, որը ձեռք է բերւել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիւ:

Ադրբեջանական կողմի գործողութիւններն անմիջապէս քննարկման առարկայ են դարձել Արցախում տեղակայւած Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի ղեկավարութեան հետ:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւնում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանն այս խնդիրը քննարկել է նաեւ ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում: