Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձեւը, որով կառավարութեանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Գրում է Yerkir.am-ը:
Քւէարկութեանը մասնակցել է 306 սենատոր: 305 սենատոր կողմ է քւէարկել բանաձեւին, 1-ը` դէմ: Քւէարկութեան արդիւնքները ծափահարութիւններով են ընդունւել:
Սրանով Սենատը Ֆրանսիայի կառավարութեանը կոչ է անում ճանաչել Արցախը: Բանաձեւի հեղինակները երկրի կառավարութեանն առաջարկում են լայնածաւալ հումանիտար օգնութիւն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչութեանը` պահանջելով բացել հումանիտար միջանցքներ, Մինսկի խմբի շրջանակում աջակցել բնակչութեան պաշտպանութեան անյապաղ իրականացմանը` Մինսկի խմբի հովանու ներքոյ սահմանազատման միջազգային ուժեր տեղակայելու ճանապարհով, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչութեան նկատմամբ ռազմական յանցագործութիւնների հետաքննութիւն իրականացնել, անել հնարաւոր ամէն ինչ` երկարաժամկէտ կարգաւորման բանակցութիւններ ապահովելու նպատակով, որը թոյլ կը տայ նաեւ վերադառնալ 1994 թւականի սահմաններին, ինչպէս նաեւ ապահովել հայ բնակչութեան անվտանգութիւնը, տեղահանւածների վերադարձը եւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան պահպանութիւնը: Ի վերջոյ, սենատորները Կառավարութեանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ու այդ ճանաչումը դարձնել բանակցային գործիք կայուն խաղաղութեան հասնելու համար:
Նշենք, որ կառավարութեան կողմից այն պարտադիր կատարման ենթակայ չէ: Դեկտեմբերին բանաձեւը քւէարկութեան կը դրւի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: