Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Իմ կարծիքով` միակ պատասխանատու մօտեցումը կարող է լինել կառավարութեան եւ իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիւ գնահատելը եւ սեղմ ժամկէտում ճանապարհային քարտէզ ներկայացնելը, որով կը նախատեսւեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկէտները, որոնց արդիւնքում հնարաւոր կը դառնայ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ, իսկ մինչ այդ կառավարումը կը յանձնւի բարձր որակաւորում ունեցող Ազգային համաձայնութեան կառավարութեանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, իր կոչում նշել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը:

Նա, մասնաւորապէս, ասել է.

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում,

Աշխարհասփիւռ հայութիւնը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամեայ պատմութեան ամենաշրջադարձային պահերից մէկը:

Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից յետոյ, սասանւած են:

Մենք պարտւեցինք մեզ պարտադրւած պատերազմում` ինչպէս ռազմի դաշտում, այնպէս էլ դիւանագիտական եւ միջազգային հանրային հարթակներում:

Կրկին ցաւակցում եմ զոհւածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում:

Մենք զաւակներն ենք Ցեղասպանութիւնը վերապրած եւ յաղթահարած ժողովրդի:

Կարելի է պարտւել ճակատամարտը, բայց անթոյլատրելի է պարտւել որպէս ազգ:

Սեփական ձեռքերով վառած տունը եւ կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձեւով` վերագտնելով մեր յաղթանակը եւ կառուցելով այն պետութիւնը, որով բոլորս իրապէս հպարտ կը լինենք:

Եւ մենք դա վստահաբար կարող ենք անել` սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թոյլ տրւած սխալներից եւ համախմբւած լծւելով ազգային վերածնունդին:

Ինչպիսին էլ լինեն անցեալի վերաբերեալ մեր գնահատականների տարբերութիւնները, ակնյայտ է, որ յայտնւել ենք աննախադէպ խնդիրների առջեւ:

Արցախը ծանր վիրաւոր է:

Ունենք ալեկոծւած հասարակութիւն:

Վիրաւոր տնտեսութիւնը ծանրաբեռնւած է սոցիալական վիթխարի խնդիրներով:

Արցախից Հայաստան տեղափոխւածների մեծ հոսքի արդիւնքում առկայ է մարդասիրական աղէտ:

Չափազանց բարդ է նաեւ համաճարակով պայմանաւորւած իրավիճակը:

Ի վերջոյ, խոցւած է հայի ոգին` աշխարհի ցանկացած անկիւնում:

Մեր երկիրն այսօր այլեւս այն երկիրը չէ, որն ունէինք սեպտեմբերի 26-ին, եւ նոյնիսկ այն չէ, ինչ ունէինք նոյեմբերի 8-ին:

Մենք չենք կարող անտեսել այս իրականութիւնը եւ շարունակել ապրել սովորական կեանքով:

Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցութիւններ եւ մի քանի տասնեակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպութիւնների ու անհատների հետ: Հեռախօսազրոյցներ եմ ունեցել Սփիւռքի տարբեր կառոյցների եւ մեր հայրենակիցների հետ:

Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնութիւնը համակարծիք են մէկ հարցում` Սահմանադրութեանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտօնավարման դադարեցում եւ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

Ակնյայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը եւ ողջ հայ ժողովուրդը թեւակոխում են նոր փորձութիւնների շրջան, որում իւրաքանչիւր սխալ կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ:

Ստեղծւած իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկայ, քան լինել միասնական եւ համախմբւած:

Այս օրերին մեզանից իւրաքանչիւրը, յատկապէս քաղաքական գործիչները եւ պետական պաշտօնեաները պէտք է դրսեւօրէն բարձր պատասխանատւութիւն եւ զսպւածութիւն` ջանքերը կենտրոնացնելով բացառապէս ստեղծւած ճգնաժամը յաղթահարելու ուղիներ փնտրելու վրայ:

Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրաւապահ մարմիններին:

Դուք այսօր շատ մեծ պատասխանատւութիւն ունէք` նախ եւ առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միեւնոյն ժամանակ, իւրաքանչիւր անգամ, իւրաքանչիւր առիթով յիշելով, որ ձեր դիմաց ձեր քոյրն է կամ եղբայրը:

Որեւէ շեղում, օրէնքի եւ օրինականութեան որեւէ խախտում, անընդունելի եւ աններելի է: Կոչ եմ անում ձեզ` պահպանել ու պաշտպանել օրէնքը եւ օրինականութիւնը:

Հանդիպումների եւ խորհրդակցութիւնների արդիւնքում ձեւաւորւած իմ դիտարկումները հետեւեալն են`

Հաշւի առնելով ստեղծւած իրավիճակը եւ այն արժանապատւօրէն յաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնյայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջոյ անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնները:

Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մօտեցումը կարող է լինել կառավարութեան եւ իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիւ գնահատելը եւ սեղմ ժամկէտում ճանապարհային քարտէզ ներկայացնելը, որով կը նախատեսւեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկէտները, որոնց արդիւնքում հնարաւոր կը դառնայ իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ, իսկ մինչ այդ կառավարումը կը յանձնւի բարձր որակաւորում ունեցող Ազգային համաձայնութեան կառավարութեանը:

Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան ու աշխարհի տարբեր երկրներում բնակւող ողջ հայ ժողովրդի համար այս դժւարին օրերին ճգնաժամը յաղթահարելուն ուղղւած իմ վերոնշեալ դիտարկումները բխում են բացառապէս համապետական եւ համազգային շահերից:

Յուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կը գիտակցեն պահի պատասխանատւութիւնը եւ արժանապատւօրէն կիրականացնեն պատմական առաքելութեան իրենց մասը:

Ուզում եմ յիշեցնել, որ այսօր Հայաստանին հետեւում են բոլորը` թէ՛ մեր բարեկամները, ե՛ւ թէ մեր թշնամիները:

Մենք ուրիշ պարտականութիւն չունենք, բացի մեր երկիրը հզօրացնելը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը` տուրք չտալով հասարակութեան պառակտման վտանգ պարունակող որեւէ խօսքի եւ քայլի:

Միայն միասնականութեամբ մենք կը կարողանանք պարտութեան բեռի տակ ճկւած վիճակից ուղղել մեր մէջքը, եւ թէ՛ մեզ, թէ՛ ապագայ սերունդներին ու համաշխարհային հանրութեանը ներկայանալ որպէս զաւակներն այն ժողովրդի, որին յաղթելն անհնարին է:

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատւով եւ յաղթական դուրս կը գայ ստեղծւած դժւարին իրավիճակից:

Աստւած պահապան բոլորիս»: