Աղբիւր՝ www.armenianchurch.org
Մայիսի 28-ին, Հանրապետութեան օրւայ առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն այցելեցին Սարդարապատի յուշահամալիր` ուղեկցութեամբ Ամենայն հայոց կաթողիկոսութեան եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսութեան միաբանների` յարգանքի տուրք մատուցելու յանուն հայոց անկախ պետականութեան զոհւած հայորդիների անմահ յիշատակին:
Յուշահամալիրում Ամենայն Հայոց Հայրապետը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանը եւ Լ.Ղ.Հ.-ի նախագահ Բակօ Սահակեանը ծաղկեպսակներ դրեցին, ապա ներկայութեամբ հայոց պետական աւագանու աղօթք բարձրացւեց մայիսեան հերոսամարտերում զոհւած հայորդիների հոգիների հանգստութեան համար:
Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան ազգային թանգարան այցից յետոյ տեղի ունեցած պարգեւաբաշխութեան արարողութեան բացմանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսն իրենց օրհնութիւնն ու պատգամը բերեցին ներկաներին տօնական այս առիթով:
Իր խօսքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւորապէս ասաց.
«Հանրապետութեան օրւայ այս տօնական օրը ողջունում եւ հայրապետական մեր օրհնութիւնն ենք բերում ձեզ:
Այսօր մեր ժողովուրդը ոգեկոչում է 1918 թւականին, Առաջին համաշխարհային պատերազմի դժւարին ժամանակաշրջանում Արեւելեան Հայաստանի փոքրիկ մի հատւածի վրայ Հայաստանի հանրապետութեան հաստատման յիշատակները: Գերագոյն ջանքեր գործադրելով, մեր ժողովուրդը դիմակայեց ժամանակի քաղաքական թոհուբոհերին, մեր երկրում ստեղծւած աղէտալի իրավիճակներին եւ համախմբելով իր ուժերը` կարողացավ կանգնեցնել եւ ետ մղել թուրքական յարձակումը դէպի Երեւան ու Արեւելեան Հայաստանի շրջաններ:
Հայրենիքի համար անձնուրաց պայքարի եւ միասնութեան այդ օրինակը ծնունդ առաւ իւրաքանչիւր հայի հոգուց: Ծանր իրավիճակի առջեւ հաւատքով զինւելու, ոտքի կանգնելու, միաբանւելու կոչով ժողովրդին դիմեց Գէորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ինքն եւս մերժելով իր ապահովութիւնը եւ չլքելով սուրբ Էջմիածինը: Ապաւինած Աստծուն` մեր ժողովուրդը միայնակ պաշտպանեց վաղնջական իր Հայրենիքում ազատ ապրելու իր իրաւունքը: Յաղթանակեց հաւատքի, միասնութեան, հայրենասիրութեան, նւիրումի ազնւասիրտ ոգին, որն այսօր մենք կարեւորում ենք` նշելով Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի եւ Հանրապետութեան հաստատման յիշատակները: Այդ ոգին պիտի օգնի մեզ այսօր դիմակայելու մեր կեանքի դժւարութիւնները, յաղթահարելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներն ու հրամայականները:
Այսօր Մենք փառք ենք մատուցում Աստծուն, որ մեր ժողովուրդը միայնակ չէ արդար իր իրաւունքների պաշտպանութեան գործում: Երկրներ ու ժողովուրդներ, միջազգային կառոյցներ դատապարտում են Հայոց ցեղասպանութիւնը եւ ջանքեր բերում Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնում մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրաւունքի ճանաչման հարցում, որի համար` յանձին այստեղ ներկայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների, մենք վերստին գնահատանքի մեր խօսքն ենք ուղղում մեր ժողովրդին աջակից երկրներին:
Այս տարի մարդկութիւնը պատերազմի չարիքը մերժելու եւ դատապարտելու զգացումներով յիշատակում է 100-ամեայ տարելիցը Առաջին համաշխարհային պատերազմի: Ցաւօք, աշխարհում այսօր էլ հնչում են պատերազմի ձայներ, մեր ժողովուրդը նոյնպես ապրում է փխրուն խաղաղութեան պայմաններում, նաեւ` կրում է դժւարութիւններ պատերազմական իրավիճակում յայտնւած երկրներում: Մեզ համար կարեւոր է, որ հակամարտութիւններն ու խնդիրները կարգաւորւեն խաղաղութեամբ, որի հաստատման եւ ամրութեան համար անհրաժեշտ է, որ զօրանան արդարութեան, մարդկանց եւ ազգերի իրաւունքների յարգման ճանապարհները:
Մենք աղօթում ենք աշխարհի խաղաղութեան, պատերազմական իրավիճակում գտնւող երկրների, յատկապէս` Մերձաւոր Արեւելքի ժողովուրդների համար, որպէսզի իրագործեն ապահովութեան, լուսաւոր գալիքի իրենց ձգտումները: Աղօթում ենք Հայաստանի եւ մեր ժողովրդի խաղաղ կեանքի, Աստծու օրհնութեամբ մեր ջանքերի արդիւնաւորման համար` յանուն մեր երկրի առաջընթացի, բարօրութեան ու հզօրութեան:
Հայցում ենք, որ Աստւած զօրակից լինի բոլորիս մեր կոչման ու պատասխանատւութեան մէջ, լուսաւորի եւ առաջնորդի Իր իմաստութեամբ ու հաստատուն պահի խաղաղութեան, սիրոյ, բարութեան ճշմարիտ ուղիներում: Մաղթում ենք, որ Տէրը օրհնի Հայաստանը հզօրացնելու ձեր ծրագրերը, մեծարգոյ նախագահ, յարգարժան պետական այրեր եւ ձեր առաքելութիւնը, մեծարգոյ դիւանագէտներ` յանուն աշխարհում խաղաղութեան ամրապնդման, երկրների ու ժողովուրդների մէջ բարեկամութեան եւ համերաշխ գործակցութեան արգասաւորման:
Թող Աստծու ողորմութիւնն ու շնորհները միշտ մեզ հետ լինեն եւ համայն մարդկութեան` այսօր եւ միշտ. ամէն»:
Պարգեւաբաշխութեան արարողութեան ընթացքում Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանը Մովսէս Խորենացու մեդալ յանձնեց Մայր աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան վարդապետ Նաւասարդեանին, ում պատասխանատւութեան ներքոյ է գտնւում Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմութիւն» առարկայի դասաւանդման վերահսկողութիւնը:
Նոյն օրը, Հանրապետութեան տօնի առիթով, Մայր աթոռի Միածնաէջ Ս. տաճարում, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, կատարւեց Հանրապետական մաղթանք:
Արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը վերստին շնորհաւորեցին եւ իրենց օրհնութիւնը բերեցին ներկայ ժողովրդին: