Աղբիւր՝ www.mindiaspora.am
Մայիսի 24-ին Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի համատեղ նախաձեռնութեամբ Երեւանում անցկացւող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մշակութային միջոցառումների շարք, որով եզրափակւեց ծրագիրը:
Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակին նւիրւած հանդիսութեան մասնակիցներին ողջունեց Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա մասնաւորապէս նշեց. «Հայոց Եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմութիւններն այնպէս սերտօրէն են միահիւսւած, որ առանձին-առանձին հնարաւոր չէ դրանք ներկայացնել: 400-ամեայ պատմութիւն ունեցող ժողովուրդը Նոր Ջուղայում կառուցել է Ամենափրկիչ եկեղեցին, եկեղեցին պահել է համայնքը: Բառերն անզօր են հաղորդելու, նկարագրելու մշակութային այն առեղծւածը, որ պահել, պահպանել ու սերնդէսերունդ փոխանցել է մեր լեզուն, պատմութիւնը, մեր գոյատեւման խորհուրդը: Այսօր մեր հարեւան Իրանի իսլամական հանրապետութիւնը ստեղծել է բոլոր պայմանները, որ պահպանւի եւ անխաթար մնայ մեր մշակոյթը: Ես խորին շնորհակալութիւն եմ յայտնում Իրանի պետութեանը, Հ.Հ.-ում նրա մեծարգոյ դեսպանին այն մթնոլորտի համար, որ ստեղծել են Ջուղայում, Իրանում, որպէսզի հայն իրեն հայ զգայ»:
Հ.Հ.-ում Իրանի իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռէյիսին, ողջունելով ներկաներին, յաւելեց. «Այս երեք օրւայ միջոցառումները ցոյց են տալիս մեր ժողովուրդների մշակութային ընդհանրութիւնները: Նոր Ջուղան կարեւոր դեր է խաղում Իրանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կեանքում: Բոլոր զբօսաշրջիկներն անպայման այցելում են Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ եկեղեցի, որն իրաւամբ համարւում է Իրանի հայ համայնքի հոգեւոր, ազգային, մշակութային եւ հասարակական գործունէութեան գլխաւոր կենտրոնը»:
Ելոյթ ունեցան նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Հ.Յ.Դ.-ի անդամ, ծնունդով ջուղայեցի Հրանտ Մարգարեանը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նոյէլ Մինասեանը:
Ցուցադրւեց Ռուբեն Գէորգեանցի՝ Նոր Ջուղայի հայ համայնքին եւ Ս. Ամենափրկիչ եկեղեցու պատմութեանը նւիրւած «Նոր Ջուղա. լինել» ֆիլմը:
Ելոյթ ունեցաւ Սպահանի «Կոմիտաս» երգչախումբը դիրիժոր Արմէն Ամիրխանեանի գլխաւորութեամբ: Հնչեցին Կոմիտասի, Ալեքսանդր Յարութիւնեանի, Ռոբերտ Պետրոսեանի, Աշոտ Ղազարեանի ստեղծագործութիւնները: Մեներգեցին Աննա Մայիլեանը եւ Գոռ Ամիրխանեանը:
Ի լրումն հանդիսութեան՝ Առնօ Բաբաջանեան համերգասրահի ճեմասրահում բացւել էր «Նոր Ջուղայի հայ համայնքն անցեալի եւ ներկայի խաչմերուկներում» խորագրով ցուցահանդէս:
Ներկայացւել էին Նոր Ջուղայի տարազներ, հարսանեկան շորեր, մաշիկներ, գօտիներ, գլխարկ: Առանձին հաւաքածուներով ցուցադրւած էին սեղանի հիւսկէն ու ասեղնագործ ծածկոցներ, թաշկինակներ, օձիքներ, եկեղեցական ոսկեհիւս վեղարներ, գրքեր Նոր Ջուղայի մասին, թերթեր եւ ամսագրեր, արխիւային այլ նիւթեր: Վահանակները ներկայացնում էին յայտնի նոր-ջուղայեցիների եւ սուրբ Ամենափրկչեան վանքի հոգեւոր հայրերի կենսագրութիւնները, լուսանկարները: