Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

ԿԱՅԱՑԱՒ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՒԵՏԱՐԱՆԻ ԵՒ ԱՅԼ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏԵԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՒ ԵՐԿՈՒ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ

 

Մայիսի 23-ին Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի եւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի հետ համագործակցութեամբ կայացան իրանահայ համայնքին նւիրւած՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի միջոցառումներ:

 

«ԻՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԵՒ «ԿԱՐԻՆԻ ՆԱՀԱՆԳԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԷՍԻՆ» ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

Հ.Հ. Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան պատւէրով հրատարակւած Վահան Բայբուրդեանի «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (Հ.Հ. Գ.Ա.Ա. Արեւելագիտութեան ինստիտուտ) եւ Յովհաննէս Զատիկեանի «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կէսին» («Նորավանք» Գ.Կ.Հ.) գրքերի շնորհանդէսը:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: «Յատկանշական է, որ «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գիրքը հեղինակել է Իրանում Հ.Հ. առաջին դեսպան Վահան Բայբուրդեանը: Իսկ դա նշանակում է, որ հեղինակը հիմնախնդիրը քննել է ե՛ւ որպէս դիւանագէտ, ե՛ւ որպէս գիտնական-մասնագէտ: Գրքում համակողմանի քննութեան են ենթարկւել մեր հնագոյն համայնքներից մէկի՝ Իրանի հայ համայնքի արդի հիմնախնդիրները, այնտեղ հայկական կրօնական եւ աշխարհիկ կառոյցների, հայապահպանութեան, իրանական հասարակութեան մէջ հայերի ինտեգրման, համայնքի ներուժի, համայնքի ու Հայաստանի միջեւ կապերի, համայնքի հեռանկարների հետ կապւած հիմնահարցերը: Հ.Հ. Սփիւռքի նախարարութիւնն իր յետագայ գործունէութեան  ընթացքում անպայման հաշւի կառնի այն բոլոր առաջարկութիւնները, որ պարոն Բայբուրդեանը ներկայացրել է իր այս հանրագիտարանային արժէք ներկայացնող ուսումնասիրութեան մէջ»:

Հ.Հ.-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի փորձագէտ Հասան Սաբեթջուն հաւաստիացրեց. «Իրանահայ համայնքը մեր պետութեան կարեւոր մասնիկն է եւ Նոր Ջուղայի օրերի կազմակերպումը Հայաստանում հայ-իրանական սերտ բարեկամութեան հաւաստիքն է: Ուրախ եմ, որ գրքի հեղինակը Իրանի հայ համայնքին նւիրւած եւ համայնքին իր երկարամեայ ծառայութիւնները մատուցած անձն է»:

Շնորհակալութիւն յայտնելով Հ.Հ. Սփիւռքի նախարարութեանը նման հետազօտութիւն կատարելու նախաձեռնութեամբ հանդէս գալու եւ գրքի տպագրութիւնը ֆինանսավորելու համար՝ աշխատութեան հեղինակ Վահան Բայբուրդեանը նշեց. «Գիրքը գրել եմ մեծ ներշնչանքով, այն ոչ միայն իմ մտածողութեան, այլեւ սրտի ջերմութեան արդիւնքն է»:

Ներկայացնելով «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կէսին» աշխատութիւնը՝ Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց, որ այն ծաւալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դ. երկրորդ կէսի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կացութեանը, նահանգի գաւառների պատմութեանը եւ ժողովրդագրութեանը: Գրքին յատուկ կարեւորութիւն են հաղորդում եւ նրանում տեղ գտած ժողովրդագրական աղիւսակները, տեղագրական եւ ազգագրական հարուստ նիւթը:

Շնորհակալութիւն յայտնելով Յովհաննէս Զատիկեանին՝ Կարինի նահանգին վերաբերող հիմնարար աշխատութիւնը ընթերցողի սեղանին ճիշտ ժամանակին  դնելու համար՝ նախարարը նշեց. «Մօտենում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, որի ճանապարհին եւ՛ պետութիւնը, եւ՛ Սփիւռքի համայնքները լայնածաւալ աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան ուղղութեամբ: Այդ ճանապարհին հայ համայնքների եւ յատկապէս Թուրքիայի հայկական տարածքների եւ այնտեղ ապրող հայութեան մասին ուսումնասիրութիւնների արդիւնքում վերհանւում են ճշմարտութիւններ: Այս աշխատանքները գալիս են հաստատելու մեր պահանջատիրութիւնը»:

Գրքի հեղինակ Յովհաննէս Զատիկեանը, շնորհակալութիւն յայտնելով նախարարութեանն ուսումնասիրութիւնն իրեն վստահելու համար՝ նշեց, որ սիրով կուսումնասիրի նաեւ մնացած նահանգների պատմութիւնը, որի պարագայում միայն կարելի է փաստել մեր կորուստների ճշգրիտ քանակը:

Զեկուցումներով հանդէս եկան Հ.Հ. Գ.Ա.Ա. Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբեն Սաֆրաստեանը, Հ.Պ.Մ.Դ. գիտական գրադարանի տնօրէն  Տիգրան Պետրոսեանցը, «Նորավանք» Գ.Կ.Հ. Հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակէս Սիմաւորեանը:

 

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԵՒ ԱՅԼ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄ

Այնուհետեւ Մատենադարանում կայացաւ Նոր Ջուղայի Աւետարանի եւ այլ ձեռագիր մատեանների ցուցահանդէսի բացման արարողութիւնը: Հանդիսութեանը մասնակցում էին Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Հ.Հ.-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռէյիսին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյէլ Մինասեանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը եւ այլք:

Ողջունելով մասնակիցներին՝ Հ.Հ. Սփիւռքի նախարարը նշեց. «Այսօր ես առանձնայատուկ հպարտութեամբ եմ մասնակցում Նոր Ջուղայի Աւետարանի եւ ձեռագիր մատեանների ցուցադրութեանը: Նոր Ջուղայի հայ համայնքը հիմնադրւել է 1604-1606 թւականներին, երբ Շահ Աբասի միջոցով Նախիջեւանի Ջուղայի հայութիւնը բռնագաղթւել եւ բնակեցւել է ժամանակի մայրաքաղաք Սպահանում: Այդ ժամանակներից աշխատասէր եւ տաղանդաւոր հայութիւնը ստեղծել է հոգեւոր եւ մշակութային հսկայական ժառանգութիւն, որը պահպանւել է Իրանի իսկալամական հանրապետութեան պետական հոգածութեամբ: Իրանի հայ համայնքը վայելում է Իրանի պետութեան վստահութիւնն ու յարգանքը՝ միաժամանակ հաւատարիմ մնալով իր ազգային հոգեւոր եւ մշակութային աւանդոյթներին»:

Հ.Հ. Սփիւռքի նախարարը շնորհակալութիւն յայտնելով Հ.Հ.-ում Իրանի իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանին՝ մաղթեց երկու պետութիւններին աւելի սերտ համագործակցութիւն, որին անշուշտ իր անուրանալի եւ մեծ աւանդն է բերում իրանահայ համայնքը:

Շնորհակալութիւն յայտնելով Հ.Հ. Սփիւռքի նախարարութեանը միջոցառմանը հրաւիրելու համար՝ Հ.Հ.-ում Իրանի իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռէյիսին նշեց. «Սպահանի հայերը խելացի են, աշխատասէր եւ ունեն մեծ կամք, ուստի մշտապէս վայելել են Իրանի կառավարութեան եւ ժողովրդի վստահութիւնը»:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը կարեւորեց այն հանգամանքը, որ Նոր Ջուղայի օրերը նշւում են յատկապէս Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակին, եւ Նոր Ջուղայի հայկական ձեռագրերը ցուցադրւում են Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում:

«Այս բոլոր ձեռագրերը մեր ժողովրդի հարստութիւնն ու հպարտութիւնն են: Դարերի պատմութիւն ունեցող Նոր Ջուղայի Աւետարաններում մեր ժողովրդի շունչն է»,- յաւելեց Սպահանի հայոց թեմի առաջնորդը:

Նոր Ջուղայի ձեռագիր մատեանների ցուցադրութիւնը բարձր գնահատեց նաեւ Մատենադարանի գլխաւոր աւանդապահ Գէորգ Տէր-Վարդանեանը:

 

«ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մատենադարանում տեղի ունեցավ «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դերը իրանահայութեան կեանքում» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն առանձնայատուկ շնորհակալութիւն յայտնեց Իրանի հայ համայնքի ղեկավարներին: «Սուրբ Ամենափրկիչ վանքը համարւում է Իրանի հայ համայնքի հոգեւոր, ազգային, մշակութային եւ հասարակական գործունէութեան գլխաւոր կենտրոնը: Սպահանի Հայոց Թեմի միջոցով ղեկավարւող վանքը 1932 թւականից գրանցւած է Իրանի ազգային կոթողների ցուցակում, ինչի համար եւս իմ անսահման շնորհակալութիւնն եմ յայտնում Իրանի կառավարութեանը»,- նշեց Հ.Հ. Սփիւռքի նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ Նոր Ջուղայի օրերը գալիս են եւս մէկ անգամ  հաւաստելու, որ Հայաստանն ու Իրանը դարերով քայլել են կողք-կողքի եւ փոխադարձ յարգանքի, գնահատանքի պայմաններում դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն:

Հ.Հ.-ում Իրանի իսլամական հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռէյիսին նշեց, որ Սպահանում հայերի կողմից ստեղծւած կոթողներն այնքան գրաւիչ են, որ արժանանում են բոլոր զբօսաշրջիկների ուշադրութեանը:

Զեկուցումներով հանդէս եկան Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն (Ի.Ի.Հ.) ճարտարապետ Շերլի Աւետեանը, Իրանական մշակոյթի գծով փորձագէտ, ձեռագրերի խոշոր հաւաքորդ Աւօ Յովհաննիսեանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայեանը (Ա.Մ.Ն.), Մ. Մաշտոցի անւան հին ձեռագրերի գիտա-հետազօտական ինստիտուտի եւ  Հ.Հ. Գ.Ա.Ա. Արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող,  պ.գ.թ. Քրիստինէ Կոստիկեանը: