Աղբիւր՝ www.yerkir.am

 

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխաւոր հիւպատոսութիւնը բողոքի նամակ է յղել UFC-ի նախագահին (Ultimate Fighting Championship)՝ կապւած այն բանի հետ, որ այսպէս կոչւած «Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից ստեղծւած չճանաչւած ռեժիմի դրօշը» UFC մրցոյթում բարձրացրել է հայազգի մարզիկ. այս մասին յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ղեկավարը` Լէյլա Աբդուլաեւան:

Նամակում, յղում անելով UFC-ի կանոններին, յիշեցնում է, որ թոյլատրւում է ցուցադրել միայն միջազգայնօրէն ճանաչւած պետութիւնների դրօշները, եւ պահանջւում է նաեւ, որ կարգապահական միջոցներ ձեռնարկւեն հայկական ծագում ունեցող մարզիկի նկատմամբ`մրցակցութիւնը քաղաքականացնելու փորձ կատարելու համար, եւ ընդհանուր առմամբ, միջոցներ ձեռնարկւեն, որպէսզի այդպիսի դէպքեր այլեւս չկրկնւեն:

Նշենք, որ խօսքը գնում է «Ոսկէ տղայ» մականունը ստացած ամերիկահայ 22-ամեայ Էդմեն Շահբազեանի մասին, ով համարւում է UFC-ի ծագող աստղերից մէկը, ում հետ մեծ յոյսեր է կապում անձամբ UFC-ի ղեկավար Դէյնի Ուայթը։ Էդմենն իր իւրաքանչիւր մրցամարտում բարձրացնում է երկու դրօշ՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի, երբեմն էլ Արցախի։