Աղբիւր՝ www.alikonline.ir
Ինչպէս մեզ է պարզում յղած յայտագիրը, մայիսի 21-ից 24-ը Երեւանում Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան, Սպահանի հայոց թեմի եւ Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի համատեղ նախաձեռնութեամբ կը կայանայ «Նոր Ջուղայի օրեր» հայ համայնքին նւիրւած խորագրով միջոցառումների շարք:
Եռօրեայ միջոցառումը բացառիկ առիթ է հայաստանեան հասարակութեանը առաւել մօտկից շօշափելի ու մատչելի դարձնել հնամեայ Ջուղայի բացառիկ մշակոյթին, վանքերին ու եկեղեցիներին, ձեռագիր մատեաններին ու որմնանկարներին:
Ծրագրում ներառւած են ելոյթներ, բանախօսութիւններ, մշակութային դասական եւ ֆոլկլորիկ միջոցառումներ, երաժշտութիւն, ձեռագիր մատեանների ցուցադրութիւն, գրքի շնորհանդէս եւ այլն:
Բայց, այստեղ առաւել ակնառու եւ ծանրակշիռ իրողութիւն է Սուրբ Ամենափրկիչ վանքի դերը՝ իրանահայ կեանքում, միջազգային գիտաժողովի գոյութիւնը, որը կը գայ ամբողջացնելու հասարակական կարծիքի ձեւաւորումը՝ Ջուղայի պատմա-մշակութային անցեալից ու ներկայից:
Ինչպէս վկայում է կրկին յայտագիրը, ողջոյնի խօսքերով ու բանախօսութիւններով ելոյթ կունենան Հ.Հ. Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Հ.Հ.-ում Ի.Ի.Հ. դեսպան Մոհամմադ Ռէիսին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը, Իրանի Պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանը, որմնանկարների վերականգնող Անի Բաբայեանը, Մատենադարանի, Հ.Հ. Գ.Ա.Ա. Ա.Ի. աւագ գիտաշխատող Քրիստինէ Կոստիկեանը եւ իրանական մշակոյթի գծով փորձագէտ, ձեռագրերի խոշոր հաւաքորդ Աւօ Յովհաննիսեանը:
Յաջողութիւն ենք մաղթում եռօրեայ միջոցառումների աշխատանքներին, որոնք նախանձախնդրօրէն նւիրւած են Նոր Ջուղայի այս հնամենի համայնքի մշակոյթի ու պատմութեան անվերջանալի բացայայտումներին: