ՀՀ ԱԳՆ յայտարարութիւն է տւել վերջին շրջանում արտերկրում հայերի դէմ բռնութիւնների հրահրման վերաբերեալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Յայտարարութեան մէջ ասւած է.
«Վերջին շրջանում արձանագրւում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդէպ բռնութեան դէպքեր եւ փորձեր: Եղել են նաեւ արտերկրում ՀՀ դիւանագիտական ծառայութեան եւ հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական եւ ծառայողական գոյքի դիտաւորեալ ոչնչացման դէպքեր, որոնք առանձին դէպքերում սպառնացել են նաեւ դիւանագիտական անձնակազմի անվտանգութեանը: Ռասիստական բնոյթի քայլեր են ձեռնարկւում խոչընդոտելու Հայաստանի առեւտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:
Այս գործողութիւնների ընդլայնւող աշխարհագրութիւնը եւ ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների դէմ իրականացւող գործողութիւններում Ադրբեջանի պաշտօնական ներկայացուցիչների ներգրաւման փաստերը վկայում են, որ վերոնշեալ գործողութիւններն ուղղորդւում են Ադրբեջանի պետական կառոյցների կողմից:
Մենք խստօրէն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջեան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքւի անպատասխանատւութեան հերթական դրսեւորումն է եւ ամբողջովին տեղաւորւում է Ադրբեջանի ղեկավարութեան` երկու ժողովուրդների միջեւ առանց աշխարհագրական սահմանափակման թշնամութեան հրահրման հռետորաբանութեան եւ քաղաքականութեան մէջ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգօնութիւն, չտրւել որեւէ սադրանքի, նման իրավիճակներում անմիջապէս կապ հաստատել տեղի իրաւապահ մարմինների, հայ համայնքային կառոյցների եւ ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչների հետ»: