Աղբիւր՝ www.panarmenian.net

 

Ինչպէս արդէն յայտնի է, Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահներին Ստեփանակերտում դիմաւորել են բողոքի ակցիայով: Արցախի երիտասարդական կազմակերպութիւնները մայիսի 18-ին բողոքի հանրահաւաք էին կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընդդէմ Մ.Խ. ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքի յայտարարութեան, որ նա արել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Քարնեգի» հիմնադրամում, ներկայացնելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ Միացեալ նահանգների իշխանութիւնների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կէտից: Բողոքի ցոյցում ընդունւել է յայտարարութիւն, որտեղ, մասնաւորապէս, ներկայացւած է Արցախի երիտասարդութեան դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ, որը ամփոփւում է հետեւեալ դրոյթներով.

Լեռնային Ղարաբաղ. Կարգաւորման բանալիները

Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կողմերն են Ադրբեջանի հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը: Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորումը հնարաւոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ուղղակի եւ լիարժէք մասնակցութեան դէպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կը մնայ թղթի վրայ:

Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը (Արցախի հանրապետութիւնը) ոչ մէկին չի լիազօրել իր փոխարէն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամեայ պատմութեան մէջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկեալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայութեան անվտանգութիւնը, այլեւ հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման եւ հայաթափման:

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որեւէ պետութեան, այլեւ պահանջատեր է Ադրբեջանի հանրապետութեան վերահսկողութեան տակ գտնւող իր տարածքների: Ադրբեջանա-ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորումը չի կարող հիմնւած լինել Ադրբեջանի կամ որեւէ մէկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանութեան վրայ:

Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնն ստեղծւել է ժողովրդի ազատ կամարտայայտութեան միջոցով, միջազգային իրաւունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետեւապէս, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրաւունքի կոպիտ խախտում է:

Հինգերորդ. Փախստականներին եւ ներքին տեղահանւածներին վերաբերող բոլոր հարցերը պէտք է կարգաւորւեն փոխադարձութեան հիմունքներով՝ Լ.Ղ.Հ.-ի վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից յետոյ միայն:

Վեցերորդ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործութիւնն արտօնելուց յետոյ անվտանգութեան միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում խաբէութիւն է: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում զինադադարի 20 տարիներին խաղաղութիւնը պահպանւել է բացառապէս ուժերի հաւասարակշռութեան շնորհիւ: Հետեւապէս, Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան ժողովրդի անվտանգութեան միակ երաշխաւորը Լ.Ղ.Հ.-ի պաշտպանութեան բանակն է:

Ըստ տեղացի դիտորդների, Ուորլիքի յայտարարութեան մէջ ոչ մի նոր բան չկար, իսկ այցը Լ.Ղ.Հ. սովորական աշխատանքային այց է: «Սակայն, նրա վերջին գրառումները Twitter-ում կասկածներ են առաջացնում ամերիկացի միջնորդի անաչառութեան վերաբերեալ»,- գտնում են Ստեփանակերտում:

Բերձորում հանրահաւաքի մասնակիցները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Ուորլիքը լսի ղարաբաղեան կողմի կարծիքը: «Մենք յարգում ենք ցանկացած խաղաղ ցոյց, նոյնիսկ եթէ համաձայն չենք»,- դրանից յետոյ գրել է դիւանագէտը Twitter-ում:

Սարսանգի ջրամբար այցելելուց յետոյ Ջէյմս Ուորլիքը կոչ է արել ղարաբաղեան հակամարտութեան կողմերին համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները: «Սա Սարսանգի ջրամբարն է: Եթէ կողմերը կարողանային համատեղ օգտւել ջրային ռեսուրսներից, դա դրական քայլ կը լինէր»,- գրել է Ուորլիքը՝ Twitter-ի միկրոբլոգում տեղադրելով Սարսանգի ջրամբարի լուսանկարը:

Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի Ա.Մ.Ն. համանախագահ Ջէյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղութեան Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգաւորման ուղիներ» թեմայով ելոյթ է ունեցել՝ ներկայացնելով կարգաւորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թէ Ե.Ա.Հ.Կ.-ի Մ.Խ.-ի համանախագահների դիրքորոշումը, այլ Ա.Մ.Ն.-ի կառավարութեան պաշտօնական քաղաքականութիւնը:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կէտից:

«Առաջին, հաշւի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմութիւնը՝ կողմերը պէտք է համաձայնութեան գան, որ վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը պէտք է իրականացւի փոխադարձաբար համաձայնեցւած եւ իրաւական ուժ ունեցող կամաարտայայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկեալ կարգավիճակը կը լինի ժամանակաւոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետութեան սահմաններում գտնւող տարածքը, որը չի վերահսկւում Բաքւի կողմից, պէտք է ստանայ միջանկեալ կարգավիճակ, որի համար առնւազն պէտք է ապահովւած լինեն անվտանգութեան երաշխիքներ եւ ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրաւեալ տարածքները պէտք է վերադարձւեն Ադրբեջանի վերահսկողութեանը: Ադրբեջանի ինքնիշխանութեան նկատմամբ յարգանքի բացակայութեան պայմաններում կարգաւորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանութեան ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պէտք է վերականգնւի:

Չորրորդ, պէտք է լինի միջանցք, որը կը կապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պէտք է բաւարար լայնութիւն ունենայ, որպէսզի անվտանգ անցում ապահովւի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տեւական կարգաւորման ներքոյ պէտք է ճանաչւի ներքին տեղահանւածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրաւունքը:

Եւ վերջապէս վեցերորդ, կարգաւորմամբ պէտք է ապահովւեն անվտանգութեան միջազգային երաշխիքներ, ինչը կը ներառի խաղաղապահ գործողութիւն»,- ասել է Ուորլիքը:

Նա յորդորել է կողմերին յանձնառութիւն ստանձնել ձեռնամուխ լինելու խաղաղութեան բանակցութիւններին: Հայ սպա Գուրգէն Մարգարեանն սպանւել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թւականի փետրւարի 19-ին Բուդապեշտում: 2004 թւականի փետրւար ամսին Գուրգէն Մարգարեանը Բուդապեշտում էր գտնւում Ն.Ա.Տ.Օ.-ի «գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ուսումնական ծրագրի շրջանակներում։ Փետրւարի վաղ առավօտեան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է Մարգարեանին, հասցնելով 16 կացնի հարւած դէմքին:

Ռամիլ Սաֆարովը 2012 թւականի օգոստոսի 31-ին արտայանձնւեց Ադրբեջանին, յաջորդ օրը նախագահի հրամանագրով նրան ներում շնորհւեց, նա ստացաւ մայորի կոչում, բնակարան ու վերջին 8 տարւայ համար նախատեսւած վարձատրութիւն: