Աղբիւր՝ www.yerkir.am
Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնել են Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմաւորել են բողոքի ակցիայով եւ պաստառներով: Այս մասին յայտնում է Karabakh Open ֆէյսբուքեան էջը:
Ակցիայի մասնակիցները պահել էին «Ոչ մի թիզ հող», «յարգէք մեր իրաւունքները», «Ոչ մի օտար զինւոր Արցախում», «Դատապարտէք ագրեսորին» եւ այլ գրութիւններով պաստառներ:
Նրանք փակել են համանախագահների ճանապարհը՝ պահանջելով իջնել ու պատասխանել իրենց հարցերին: Երիտասարդների հետ հիմնականում զրուցել է ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուոլիքը:
Այնուհետեւ երիտասարները համանախագահներին ուղեկցել են մինչեւ Քաշաթաղի շրջվարչակազմի շէնք, որտեղ տեղի է ունեցել համանախագահների եւ վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանի հանդիպումը:
Երիտասարդները մնացել են շէնքի բակում մինչեւ հանդիպման աւարտը՝ բարձրախօսով ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ազատագրւած հողերի եւ արցախեան հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ: Հանդիպումը տեւել է մօտ 25 րոպէ:
Բերձորից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, որտեղ նախատեսւած էր հանդիպում Լ.Ղ.Հ.-ի նախագահի հետ, սակայն աւելի ուշ յայտնել են, որ հանդիպումը չի կայանայ: Հնարաւոր է՝ հանդիպումը տեղի ունենայ վաղը: