Աղբիւր՝ www.armenianchurch.org

 

8 մայիսի, 2014 թ.

 

Ձերդ Սրբութիւն, Ի Քրիստոս սիրեցեալ եղբայր, գոհունակութեամբ Մեր ջերմագին ողջոյններն ենք բերում ձեզ եւ ձեզ ուղեկցող պատւիրակութեանը: Նորին Սրբութեանդ ներկայութեամբ Ամենայն հայոց կաթողիկոսութեան ընտանիքի անդամներին ուղղում եմ յարգալից եւ սիրալիր ողջոյնի խօսքս: Առանձնայատուկ երանութիւն է մեզ համար հանդիպում ունենալ այս տանը, Պետրոս Առաքեալի գերեզմանի մօտ, եւ կիսել եղբայրութեան եւ աղօթքի այս պահերը:

Ձեզ հետ միասին գոհութիւն եմ մատուցում Երկնաւորին, քանի որ վերջին ժամանակներս Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջեւ առկայ փոխյարաբերութիւններն աւելի են սերտացել եւ ջերմացել շնորհիւ մեզ համար այնքան թանկագին իրադարձութիւնների: Վերստին յիշում եմ երջանկայիշատակ Հռոմի պապի այցը Հայաստան 2001 թ. եւ 2008 թ. Ձերդ սրբութեան եւ Բենեդիկտոս ԺԶ պապի պաշտօնական հանդիպումը Վատիկանում, ինչպէս նաեւ նախորդ տարւայ իմ գահակալման արարողութիւնը:

Կը ցանկանայի նաեւ վերյիշել 2000 թ. Մեծ յոբելեանի շրջանակներում Ձերդ սրբութեան մասնակցութեամբ տեղի ունեցած, 20-րդ դարի հաւատի վկաների յիշատակման արարողութիւնը: Իրականում, անցեալ դարում ողբերգական դիպւածներով Քրիստոսի համար իրենց արիւնը հեղած նահատակների թիւը շատ աւելի է, քան առաջին դարերում: Այս մարտիրոսութեան մէջ հայ ժողովրդի զաւակներն ունեն իրենց պատւաւոր տեղը: Ձեր ժողովրդի համար թանկագին Ս. Խաչի խորհուրդը, որ պատկերւած է ձեր երկրի իւրաքանչիւր անկիւնը զարդարող փառաւոր խաչքարների վրայ, առաջնորդել է ձեր ժողովրդին` որպէս անմիջական մասնակից չարչարանքների: Նահատակների վկայութիւնը` ողբերգական եւ բարձր, չպէտք է մոռացութեան տրւի:

Ձերդ սրբութիւն, սիրելի եղբայրներ, վերջին դարերում քրիստոնեաների տառապանքներն առանձնայատուկ եւ անփոխարինելի ներդրում են ունեցել Քրիստոսի աշակերտների միաւորման հարցում: Ինչպէս հին ժամանակներում մարտիրոսների արիւնը դարձաւ սերմը Եկեղեցու, այնպէս էլ մեր օրերում շատ քրիստոնեաների արիւնը Եկեղեցու միասնութեան սերմն է հանդիսանում: Տառապանքի էկումենիզմը, նահատակութեան էկումենիզմը, արեան էկումենիզմը հզօր կանչ է` քայլել եկեղեցիների միջեւ համերաշխութեան երկար ճանապարհով, եւ խիզախօրէն ու վճռականօրէն յանձնւել Սուրբ Հոգուն: Մենք պարտաւոր ենք անցնել այս եղբայրական ճանապարհն ի երախտագիտութիւն մեր բազմաթիւ եղբայրների եւ քոյրերի փրկչական տառապանքների, քանի որ միաւորւած է Քրիստոսի չարչարանքների հետ:

Այս առիթով շնորհակակութիւն եմ յայտնում Նորին սրբութեանն` երկու եկեղեցիների միջեւ երկխօսութեան զարգացմանը բերած կարեւոր զօրակցութեան համար: Մասնաւորապէս Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան ուղղափառ եկեղեցիների միջեւ աստւածաբանական երկխօսութեան համատեղ միջազգային յանձնախմբի աշխատանքներում եւ Ամենայն հայոց կաթողիկոսութեան ներկայացուցիչների կատարած արդիւնաւէտ աստւածաբանական ներդրումների գործում:

«Օրհնեալ լինի Աստւած`մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար գթում եւ որպէս Աստւած մխիթարում ու զօրացնում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարողանանք Աստծուց մեր վայելած օգնութիւնն ու մխիթարութիւնը տանք նրանց (Բ.Կր 1.3-4)»: «Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիւ վկաներով ենք շրջապատւած, դէն գցենք ամէն խոչընդոտ եւ մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտութեամբ պաշարում է մեզ, եւ համբերութեամբ պայքարենք գալիք փորձութիւնների դէմ (Եբր 12.1)»: «Աղօթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպէս որ Դու, ով Հայր, Իմ մէջ ես, եւ Ես` Քո մէջ, այնպէս էլ նրանք լինեն մեր մէջ, որպէսզի աշխարհը հաւատայ, որ Դու ուղարկեցիր Ինձ (Յհ 17.20)»:

Եկէք աղօթենք միմեանց համար: Թող Սուրբ Հոգին լուսաւորի եւ ուղղորդի մեզ դէպի այդ երանելի օրը, որ կը կարողանանք միասին նստել Հաղորդութեան սեղանի շուրջ:

Երանութիւն ենք տալիս Բարձրեալին Ս. Գրիգոր Նարեկացու խօսքերով. «Ընդունի՜ր մեր լեզւի օրհներգութեան խօսքերը եւ հաճութեամբ տուր Սիոնի եւ Բեթղեհեմի շնորհների պարգեւներն այս եկեղեցուն, որպէսզի արժանի լինենք փրկութեանը»: Թող որ Սուրբ Աստւածածինը բարեխօս լինի հայ ժողովրդին այժմ եւ յաւիտեանս: