Աղբիւր՝ www.yerkir.am
Միացեալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 8-ին քւէարկութեամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։ 70 կողմ եւ 1 դէմ ձայներով ամերիկեան խոշորագոյն նահանգներից մէկի երկպալատ խորհրդարանում հաստատւեց եւ վերին պալատի՝ Սենատի քննարկմանն ուղարկւեց բանաձեւի նախագիծ, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան՝ որպէս ազատ եւ անկախ պետութիւն զարգանալու ջանքերը, որպէսզի իր քաղաքացիների համար ապահովի ազատ եւ անկախ հասարակութեանը վայել իրաւունքներով:
Նախագծի հեղինակ, Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ, դեմոկրատ Մայք Գաթոյի խօսքով՝ Կալիֆորնիան այսուհետ ամենախիտ բնակեցւած սուբյեկտն է, որը Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը ճանաչելու գործընթաց է սկսել:
"Ինձ համար պատիւ էր այս բանաձեւը նախապատրաստելիս` աշխատել տեղի հայ համայնքի առաջնորդի հետ",-յայտարարել է նա:
"Մենք՝ կալիֆորնիացիներս, միշտ հպարտացել ենք մեր նահանգի դիրքորշմամբ, որը հիմնւած է ժողովրդավարութեան եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքների վրայ: Այդ բանաձեւի ընդունմամբ, Կալիֆորնիան կանգնել է Արցախի ժողովրդի կողքին, որը հանդէս է գալիս ժողովրդավարութեան օգտին",- յայտարարել է Ամերիկայի հայկական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրեանը:
Բանաձեւը Միացեալ նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախութեանը: Յատկանշական է, որ ինչպէս աւելի վաղ իրաւական հարցերով յանձնաժողովում, այնպէս էլ լիագումար նիստում բանաձեւն ստացել էր միայն մէկ "դէմ" ձայն։
Ի դէպ, բանաձեւի դեմ լայնածաւալ աշխատանք էին իրականացնում ոչ միայն ադրբեջանական, այլեւ հրիական լոբիստական կազմակերպութիւնները։
Խորհրդարանի վերին պալատում ընդունւելուց եւ նահանգապետի վաւերացումից յետոյ Կալիֆորնիան կը դառնայ ԱՄՆ-ի 5-րդ նահանգը, որը ճանաչել է ԼՂՀ անկախութիւնը: Միւս 4 նահանգներն են Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը, Մենը եւ Լուիզիանան: