Աղբիւր՝ www.asbarez.com

 

Արցախեան ազատամարտի մասին հայ-լիթւանական միացեալ արտադրութեամբ ստեղծւած նոր «Թեւանիկ» ժապաւէնի պատրաստողները յոյս ունեն, որ հայ հանդիսատեսը սիրելու է այն: Ադրբեջանում փոթորիկ բարձրացրած ժապաւէնն արդէն սկսել է իր յաղթարշաւը: Հայ ժողովրդի հերոսական էջերից մէկը նկարագրող նոր ժապաւէնի անդրանիկ ցուցադրութիւնը տեղի ունեցաւ 5 մայիսին, որից յետոյ այն կարելի կը լինի դիտել շարժապատկերի բոլոր սրահներում։

««Թեւանիկ» ֆիլմի սցենարն ինձ փոխանցեց Լեւոն Աթոյեանը: Ես այն շատ հաւանեցի եւ ցանկանում էի էկրանաւորել. տարիներ անց ինձ այդ հնարաւորութիւնն ընձեռւեց: Ցանկանում էի նկարել լիամետրաժ ֆիլմ եւ Կարինէ Խոդիկեանի հետ Աղաբաբովի սցենարը վերածեցինք ֆիլմի: Նախորդ տարի Կաննի 66-րդ փառատօնի շուկայում ներկայացրի այս ֆիլմի նախագիծը եւ լիտւական «Արդբոքսէ» կինօընկերութեան հետ համատեղ իրականացրինք այն: Յուսամ, որ հանդիսատեսը կը սիրի կինօնկարը, որովհետեւ առանց հանդիսատեսի սիրոյ հնարաւոր չէ»,- յայտնալ է ժապաւէնի բեմադրիչ Ջիւան Աւետիսեանը:

Ջիւան Աւետիսեանը դիտել է տւել, որ ժապաւէնում ներգրաււած բոլոր հերոսները իրական են, մէկ տարբերութեամբ՝ նրանք տարբեր ժամանակաշրջանների դէպքեր ներկայացնող հերոսներ են, որոնք համախմբւել են մէկ պայմանական գիւղի մէջ: «Երեք պատմութիւնները միաւորւում են մէկ ասելիքով՝ ֆիլմը դատապարտում է պատերազմը: Ես ինքս կորցրել եմ իմ մանկութիւնը պատերազմի հետեւանքով: Ցանկանում էի պատմել ճակատագրերի մասին: Այն խաղաղութեան, ուժեղ մարդկանց մասին, ովքեր յայտնւել են ծայրայեղ վիճակում եւ շարունակում են մնալ մարդ»,- աւելցրել է Աւետիսեանը:

Բեմագրութեան համահեղինակ Կարինէ Խոդիկեանի կարծիքով, իր համար մեծ պատիւ է, երբ իր անունը դրւում է Առնոլդ Աղաբաբովի կողքին: «Աղաբաբովի սցենարը կարճամետրաժ ֆիլմի համար էր: Նրա սցենարում որեւէ միջամտութիւն չի արւել, պարզապէս սցենարի Աստղիկ կերպարը դարձրինք երկրորդ նովելի հերոսուհի: Երրորդ հերոսն էլ յետոյ ծնւեց՝ Արամը»,- նշել է Խոդիկեանը։

Խօսելով ադրբեջանական աղմուկի մասին, ժապաւէնի լիթւանացի արտադրող Քէսթութիս Տրազտաուսքասը նշել է, որ իր երկրում այդքան էլ իրարանցում չի ծագել։ «Յատուկ հակազդեցութիւն չկար, պարզապէս Արտաքին գործոց նախարարութեան կողմից անհանգստութիւն կար, իսկ ես հանգստացրեցի նրանց, որ սա գեղարւեստական ժապաւէն է: Ամէն ինչ այդպիսով վերջացաւ: Ես շատ հաւանեցի ժապաւէնը, փափագում եմ, որ ամէն մարդ դիտի այն»,- նշել է արտադրիչը։

Բեմադրիչի համաձայն՝ իւրաքանչիւր հանդիսատես պէտք է որոշի ժապաւէնի աւարտը: Ժապաւէնի աշխատանքների մէջ Ջիւան Աւետիսեանին իր խորհուրդներով օգնել է Վիգէն Չալդրանեանը: Այն ցուցադրւելու է Քաննի 67-րդ փառատօնի շարժապատկերի շուկայում։