Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Ապրիլի 9-ին ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակի ղեկավար Քրիստոֆ Բիերւիրթի գլխաւորած պատւիրակութեանը: Հանդիպմանը ներկայ էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպութեան նախագահ Լենա Հալաջեանը:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւններն ու դրանց հետևանքները, Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխւած սիրիահայերի հիմնախնդիրները՝ նրանց կացարաններով ապահովելու և Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն առնչւող մի շարք այլ հարցեր:

ՀՀ սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանը բարձր գնահատեց ՄԱԿ-ՓԳՀ գործակցութիւնը, Հայաստան տեղափոխւած սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղւած նրանց ակտիւ գործունէութիւնն ու ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին ու միջոցառումներին Ք. Բիերւիրթի մասնակցութիւնը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հայաստանեան գրասենեակի ղեկավարը շնորհակալութիւն յայտնեց նախարարին կառուցողական քննարկումների, առաջարկութիւնների և համագործակցութեան համար: Նա նշեց, որ ուշադիր հետևում է քեսաբեան դէպքերին, մշտապէս կապի մէջ է ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ և հայ ժողովրդի դիրքորոշումը փոխանցել է ՄԱԿ-ի գործընկերներին: Ք. Բիերւիրթին իր խօսքում կարևորեց նաև Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող հարցերը՝ յոյս յայտնելով, որ դրանք շուտով կստանան իրենց լուծումները: 

Հանդիպման աւարտին կողմերը պայմանաւորւեցին շարունակել համատեղ աշխատանքները՝ ստեղծւած իրավիճակում սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու, յատկապէս՝ բնակարանաշինութեան և կացարաններով ապահովելու ուղղութեամբ ծրագրերն իրականացնելու համար: