Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Չեղարկւել են Ֆրանսիայի 4 քաղաքների եւ Արցախի տարբեր քաղաքների միջեւ ստորագրւած բարեկամութեան հռչակագրեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում յայտնել են Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնից։
«Արցախի եւ Ֆրանսիայի թւով 12 քաղաքների եւ մէկ դեպարտամենտի հետ ստորագրւած են Բարեկամութեան հռչակագրերը։ Ս․ թ․ մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գիւղի միջեւ ստորագրւած Բարեկամութեան հռչակագիրը չեղարկելու մասին։
Յունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լէ Վալանս եւ Բուրգ դը Պեաժ քաղաքների իրաւաբանական վարչութիւնները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղեալ է յայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լէ Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքւած Բարեկամութեան հռչակագրերը: Նշեմ, որ սա միայն առաջին ատեանի դատարանի որոշումն է։ Առնուվիլ քաղաքի քաղաքապետը մտադրութիւն է յայտնել բողոքարկել Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Միւս 8 քաղաքների հետ կնքւած Բարեկամութեան հռչակագրերը ուժի մէջ են։ Արցախի միջազգային կապերը կը շարունակեն ընդլայնւել եւ խորանալ։ Մասնաւորապէս, քննարկման փուլում են գտնւում Արցախի համայնքների եւ տարբեր երկրների վարչական միաւորների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկութիւնները»,- նշել են Արցախի ԱԳՆ-ից։