Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերել սահմանագծում լարումը նւազեցնելու և միջադէպերը կանխելու վերաբերեալ: Այս մասին վարչապետն ասել է «Ֆէյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ:
«Այս անգամ որոշակի առարկայական խօսակցութիւն ստացւեց, և դրա արդիւնքում մենք մի քանի կարևոր կէտեր արձանագրեցինք: Պայմանաւորւեցինք, որ մեր պաշտպանութեան նախարարներին յանձնարարութիւն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադէպերը կանխելու վերաբերեալ»,- ասել է Փաշինեանը:
Նրա խօսքով՝ այս մասին տեղեակ է պահւել նաև Արցախի նախագահ Բակօ Սահակեանին:
«Յանձնարարական և համապատասխան հրաման եմ տւել մեր զինւած ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրւելուց յետոյ ամենախաղաղ գիշերը»,-նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինեանն ընդգծել է, որ խօսակցութեան ընթացքում արձանագրւել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ հաւատարմութիւնը:
«Մենք պայմանաւորւել ենք օպերատիւ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թէ այն ինչպիսին կը լինի տեխնիկական առումով` պայմանաւորւածութիւն ձեռք չենք բերել»,-ընդգծել է նա՝ հաւելելով, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել:
«Ես ուրախ եմ և յոյս ունեմ, որ այդ պայմանաւորւածութիւնները կպահպանւեն, քանի որ դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: