Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սեպտեմբերի 26-ին Եւրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եւրոպայի պալատում, նշւեց Հայաստանի Անկախութեան տօնը և Առաջին Հանրապետութեան 100-ամեակը։
Ելոյթով հանդէս եկաւ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարոյր Յովհաննիսեանը։
«Դժւար կը լինի Հայաստանում գտնել օրենսդրական որևէ ակտ, որը հենւած չլինի ԵԽ փորձագիտական կարծիքի վրայ։ Կազմակերպութեան կողմից վերջին 6-7 տարիների ընթացքում կարողութիւնների ձևաւորման նպատակով իրականացւած ծրագրերը, մասնաւորապէս՝ Հայաստան-Եւրոպայի խորհուրդ գործողութիւնների ծրագրերի շրջանակներում, նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում ժողովրդավարութեան ամրապնդման գործում»,-ասաց նա։
Եւրոպայի խորհրդի անունից ելոյթով հանդէս եկաւ գլխաւոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնին։ Նա ընդգծեց, որ թեև նշւում է Հայաստանի առաջին Հանրապետութեան 100-ամեակը, հայ ժողովրդի քաղաքակրթութիւնն ու մշակոյթը գնում են դարերի խորքը, և փոքր պետութեան համար Հայաստանը ներկայացնում է նշանակալի մշակութային ուժ։
Միջոցառման ընթացքում կայացաւ նաև ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Պիեռի՝ Հայաստանին նւիրւած լուսանկարների ցուցահանդէսի բացումը։
Կառլսրուէի կոնսերվատորիայի երաժիշտները՝ գեղարւեստական ղեկավար Արամ Բադալեանի ղեկավարութեամբ, միջոցառման ընթացքում կատարեցին Կոմիտասի ստեղծագործութիւնները։
Միջոցառմանը ներկայ էին Եւրոպայի խորհրդի ղեկավարութեան, կազմակերպութիւնում հաւատարմագրւած դիւանագիտական կորպուսի, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ։