Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինւած ուժերի կողմից դարձեալ գնդակոծւել են Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը: Համապատասխան հրապարակումներ են առկայ նաև զանգւածային լրատվամիջոցներում:
Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրւած տւեալները վկայում են, որ Բաղանիս գիւղում կրակոցներն արձակւել են գիւղի դպրոցի, քաղաքացիական տների ու գիւղ տանող աւտոճանապարհի ուղղութեամբ:
Ըստ Չինարի գիւղին վերաբերող տեղեկութիւնների՝ վաղ առաւօտեան տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասւել է գիւղի մանկապարտէզը, այն պաշտպանող պատը, ինչպէս նաև քաղաքացիական բնակիչների տներ:Կրակոցների պատճառած վնասները գիւղի վարչակազմի իրաւասու ներկայացուցչին և բնակիչներին հիմք է տւել եզրակացնելու, որ դրանք արւել են խոշոր տրամաչափի գնդացիրներից և դիպուկահարներից:
Մարդու իրաւունքների պաշտպանի կողմից առաջիկայում կամփոփւի սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական զինւած ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գիւղերի գնդակոծութիւնների առնչութեամբ փաստահաւաք աշխատանքները: Դրանք արդեն իսկ վկայում են, որ կրակոցներն արւում են գիւղի խաղաղ բնակիչների, այդ թւում՝ երեխաների կեանքի և առողջութեան համար վտանգաւոր եղանակով:
Առաջիկայում կը հրապարակւի արտահերթ զեկոյց, որը կուղարկւի մարդու իրաւունքների ոլորտի միջազգային կառոյցներին: