Աղբիւր՝ www.yerkir.am
Մարտի սկզբին ադրբեջանական ԶԼՄ-ներում եւ համացանցում լայն տարածում էր գտել այն տեսանիւթը, որում ադրբեջանական մանկապարտէզի երեխաներին սովորեցնում էին, թէ հայերը նրանց թշնամիներն են:
Արցախի ՄԻՊ-ը ուշագրաւ տեսանիւթ է պատրաստել` ի ցոյց դնելով շփման գծի միւս կողմում գոյութիւն ունեցող ճշմարտութիւնը:
Նոյն հարցին, որ ուղղել էին ադրբեջանցի երեխաներին թէ «ովքե՞ր են ձեր թշնամիները», հայ մանուկները տալիս են շատ պարզ ու անմեղ պատասխաններ: Հայ փոքրիկների «թշնամիները» ունեն մէկ ընդհանուր բան` մուլտֆիլմերի հերոս լինելը: Նրանցից մէկը «թշնամի» է համարում «Spiderman»-ին, միւսը` «Dragon»-ին: Փոքրիկ հայուհուն էլ դուր չի գալիս «մաշան»: «նա անընդհատ խանգարում է արջուկին»,- Մաշային չսիրելու պատճառը այսպէս է պարզաբանում փոքրիկը:
Երեխաներից ոմանք էլ, առհասարակ, պատասխանում են` թշնամիներ չունեն:
Տեսանիւթում Արցախի ՄԻՊ-ը ուշադրութիւն է սեւեռել նաեւ Ապրիլեան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի վայրագութիւններին` մտահոգութիւն հնչեցնելով, որ Ադրբեջանի կողմից քարոզչական գործիք դարձած այդ երեխաներն ատելութիւնն ինչպէ՞ս պիտի վերացնեն:
Տեսանիւթի վերջում հայ մանուկները դիմում են իրենց հասակակից ադրբեջանցիներին. «Դուք մեր թշնամին չէք»: