20.02.2018
Սիրելի՛ հայրենակիցներ,
1988 թւականի փետրւարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտայայտում էր արցախցիների ազատ ինքնորոշւելու կամքը: Երեք տասնամեակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացաւ ողջ հայութիւնը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձութեան 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետութիւնն իրաւամբ հռչակել է Արցախի վերածննդի օր:
Աւելին, այն դարձաւ հայ ժողովրդի վերածննդի օրը: Մոնթէն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթէ կորցնէինք Արցախը, կը շրջէինք հայոց պատմութեան վերջին էջը: 1988 թւականի փետրւարի 20-ը հայ ժողովրդի միասնութեան, վճռականութեան եւ ազգային զարթօնքի պահն էր:
Մեր ժողովրդի խաղաղ եւ օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում եւ այլ վայրերում կազմակերպւած կոտորածներով: Այդ օրերին արդէն պարզ դարձաւ, որ Արցախի ժողովուրդը դատապարտւած է ֆիզիկական բնաջնջման կամ յաղթանակի:
Մեզ պարտադրւեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առաւելութիւն ունեն եւ, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կը փակեն արագ եւ ընդմիշտ: Երեք տասնամեակների հեռաւորութիւնից այսօր արդէն վստահօրէն կարող ենք պնդել, որ Ղարաբաղեան շարժումը փրկել է հարիւր հազարաւոր կեանքեր:
Արցախի հայութիւնը, թիկունքում ունենալով համայն հայութեան աջակցութիւնը, կարողացաւ պատւով դուրս գալ այդ ծանր փորձութիւնից: Այսօր մեզ թշնամի անւանողներն ինչում ասես մեզ չեն մեղադրում, բայց Արցախի ժողովրդի միակ մեղքն այն է, որ նա չի պարտւել եւ չի բնաջնջւել այդ պատերազմում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ղարաբաղեան շարժումը պատմութեան որոշակի փուլում պէտք է փոխակերպում ապրէր: Պետականութեան հռչակմամբ շարժումը ոչ թէ մարեց, այլ դարձաւ պետական քաղաքականութիւն: Համազգային պոռթկումի եւ զարթօնքի պսակը մեր երկու հայկական պետութիւններն են:
Ղարաբաղեան շարժման 30-րդ տարեդարձը մենք տօնում ենք` լսելով նոյն յոխորտանքները, նոյն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակւում է հայատեացութեան քարոզչութիւնը: Թւում է, թէ ոչինչ չի փոխւել: Սակայն մենք ենք փոխւել: Արդէն 30 տարի ադրբեջանական լուծը թօթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով` թե՛ տնտեսապէս, թե՛ քաղաքականապէս, թե՛ մշակութապէս:
Մեր հասարակական գիտակցութեան մէջ գուցէ եւ արդարացւած ընկալում կայ, որ արւածը բաւարար չէ: Ուստի, մենք անընդհատ պէտք է բարձրացնենք մեր պահանջների եւ ակնկալիքների նշաձողը:
Որպէս ժողովուրդ եւ պետութիւն` մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կայ բոլոր ասպարէզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն` ծանրագոյն պայմաններում, իսկապէս քիչ չէ: Ակնյայտ է` սա վերջին դարերի հայոց պատմութեան թերեւս ամենակարեւոր երեսնամեակն է: Մենք անելու ենք անհամեմատ աւելին եւ կրկին համարելու ենք, որ քիչ է:
Անազատութիւնը չունի արդարացում, եւ ազատութիւնը չունի այլընտրանք: Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններում մենք կառուցում ենք ժամանակակից եւ ժողովրդավարական պետութիւններ: Մենք անվերապահօրէն յարգում ենք մարդու հիմնարար իրաւունքները, քանի որ ողջ հայ ժողովրդի համար ազատութիւնը եւ մարդու արժանապատուութիւնը բացարձակ արժէքներ են:
Կեցցէ՜ Հայաստանի Հանրապետութիւնը:
Կեցցէ՜ Ղարաբաղեան շարժման ծնունդ Արցախի Հանրապետութիւնը:
Կեցցէ՜ն Ղարաբաղեան շարժման առաջամարտիկները:
http://www.president.am/hy/statements-and-messages/item/2018/02/20/President-Serzh-Sargsyans-address-on-the-30th-anniversary-of-the-Karabakh-movement/