Աղբիւր՝ www.yerkir.am
Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինւած ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնը, հակամարտ զօրքերի շփման գծի հիւսիսարեւելեան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղութեամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրայ արձակելով ականանետի 5 արկ եւ «Սպայկ» տիպի մէկ հակատանկային հրթիռ: Կատարւածը փաստում է, որ, ինչպէս միշտ, Բաքուն ոչ միայն հակւած չէ ձեռքբերւած պայմանաւորւածութիւնը նպատակաուղղել հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ու չարդարացւած կորուստների բացառմանը, այլեւ հակառակը` կանխամտածւած սադրանքների միջոցով գնում է իրադրութեան ապակայունացմանը:
Հաշւի առնելով միջազգային հանրութեան եւ, մասնաւորապէս, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած գործընթացների արդիւնաւէտ իրականացման անհրաժեշտութիւնը, Արցախի զինւած ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողութիւններից: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ դէպքերը նման տրամաբանութեամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախայարձակ գործողութիւնները մնալու են անպատասխան:
Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնն ամենայն պատասխանատւութեամբ Բաքւի ռազմաքաղաքական ղեկավարութեանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակւելու դէպքում պատասխանը լինելու է անհամարժէք եւ բաւականին ցաւոտ: