Չորեքշաբթի՝ 2017 թւականի սեպտեմբերի 6-ի առաւօտեան, Ստեփանակերտում, ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզն իր նորակառոյց եւ արդիական շէնքի դռները բացեց հարիւրաւոր սաների առջեւ: Մանկապարտէզը հիմնադրւել է Արցախի ազատագրական պատերազմի օրերին:
   ՀՕՄ-ի ջանքերի եւ զանազան հաստատութիւնների ու անհատների նւիրատւութիւնների շնորհիւ կառուցւած եւ կահաւորւած այս շէնքի բացման հանդիսութեանը ներկայ էին՝ ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ ՀՕՄ-ի պատասխանատու Յակոբ Տէր-Խաչատրեանը, ՀՕՄ-ի Կենտ. վարչութեան ու շրջանային վարչութիւնների ներկայացուցիչները, մի շարք բարձրաստիճան պաշտօնատարներ եւ հոծ թւով ժողովուրդ:
   Յատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդն իր տնօրինութեանը ենթակայ «Ժենիկ Աբթեքեան» հիմնադրամից եւ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւնը, դրամական օժանդակութիւն էին ցուցաբերել վերոնշեալ հայրենանպաստ աշխատանքի իրականացման համար: Բացման հանդիսութեանը ներկայ էին նաեւ թեմիս Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանն ու Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան նախագահուհի Արմինէ Սիմոնեանը:
 
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարները վերցւած «Արցախ պրես»-ից եւ ներկաներից