Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Ադրբեջանը պէտք է դադարեցնի օգտագործել իր բանկչութեանը որպէս կենդանի վահան»,- յայտարարել են Եւրախորհրդարանի պատգամաւորներ լեհ Մարեկ Իւրեկը եւ Կոստաս Մաւրիդեսը:
Յայտարարութեան մէջ ասւած է, որ 2017-ի յուլիսի 4-ին Ադրբեջանի զինւած ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:
«Ադրբեջանը բնակելի գիւղերում տեղադրել է ռազմական տեխնիկա` այդպիսով օգտագործելով իր քաղաքացիական բանկչութեանը որպէս կենդանի վահան: Փոխհրաձգութեան հետեւանքով ադրբեջանական կողմում 2 խաղաղ բնակիչ է զոհւել: Պնդում ենք, որ այս ողբերգութիւնից, նաեւ զինւած ուժերի միջեւ գրանցւած այլ բախումներից կարելի էր խուսափել, եթէ Ադրբեջանը համաձայնէր յետաքննական մեխանիզմների տեղադրմանը, ինչի շնորհիւ էլ կարելի է որոշել, թէ կոնկրէտ որ կողմն է խախտել հրադադարը: Հայկական կողմը համաձայնել է ԵԱՀԿ-ի յետաքննական մեխանիզմների տեղադրման առաջարկին: Դժբախտաբար, Ադրբեջանը շարունակում է մերժել այն»,- ասւած է Եւրախորհրդարանի պատգամաւորների յայտարարութեան մէջ:
Նրանք նաեւ նշել են, որ յետաքննական մեխանիզմները կարող էին օգնել խուսափել 2016 թւականի ապրիլեան պատերազմից: Պատգամաւորները յիշեցրել են այդ ժամանակ ադրբեջանական զինուժի իրականացրած խոշտանգումները, նշել, որ բարբարոսական այդ գործողութիւններն Ադրբեջանում հայատեացութեան հետեւանքն են:
«Բնակչութեանը` որպէս կենդանի վահան օգտագործելը, միեւնոյն ժամանակ բնակելի այլ շրջաններ գնդակոծելն ու յետոյ տեղի ունեցածի լուսանկարները քարոզչութեան նպատակով կիրառելն անթոյլատրելի է: Յետաքննական մեխանիզմները պէտք է անմիջապէս տեղադրւեն»,- ասւած է յայտարարութեան մէջ: