Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աշխարհի ազգերի միջեւ գենետիկ կապերի ու ձուլւածութեան վերաբերեալ գերմանացի գիտնականների ստեղծած ինտերակտիւ քարտէզի շնորհիւ բացայայտւել են հայերի եւ աշխարհի միւս ազգերի միջեւ եղած գենետիկ նմանութիւնները:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրեսը»` վկայակոչելով Armenian Reporter-ը, ամենաապշեցուցիչը թերեւս հայկական ԴՆԹ-ին զգալիօրէն նման ԴՆԹ կոդի յայտնաբերումն էր Իտալիայի եւ Չինաստանի հեռաւոր բնակիչների մօտ:
«Մարդկութեան ձուլման պատմութեան գենետիկ ատլասը» պատրաստել են Լայփցիգի Մաքս Պլանկի անւան էւոլուցիոն մարդաբանութեան ինստիտուտի, Օքսֆորդի համալսարանի եւ Լոնդոնի քոլեջ-համալսարանի գիտնականները: Այն թոյլ է տալիս բացայայտել պատմական մի շարք կարեւոր իրադարձութիւններ՝ ինչպիսին են, օրինակ՝ տարբեր ժամանակներում տարբեր ազգերի կատարած գաղթերի ուղղութիւնները:
Ըստ ուսումնասիրութեան` հայկական ԴՆԹ-ին զգալիօրէն նման ԴՆԹ է յայտնաբերւել իտալական մի շարք պոպուլեացիաների եւ յատկապէս` Տոսկանիայի բնակիչների (10.7 տոսկոս) մօտ: Գենետիկ կապ կայ նաեւ հիւսիսային Իտալիայի եւ Սիցիլիայի բնակիչների ու հայերի միջեւ: Ամենայն հաւանականութեամբ, սա խօսում է 6-րդ դարում դէպի այդ տարածքներ հայերի միգրացիայի մասին կամ կապւած է Հայկական թագաւորութեան անկման եւ 11-12-րդ դարերում Ֆլորեցիայի ստեղծման հետ:
Միւս արտառոց բացայայտումը հայերի գենետիկ կապն է Հիւսիսային Չինաստանի հան, Աֆղանստանի եւ Պակիստանի պարսկալեզու հազարա ժողովուրդների եւ Հնդկաստանի հրեաների միջեւ, ինչը շատ հաւանական է, որ 11-13-րդ դարերում Մետաքսի ճանապարհով հայ վաճառականների ծաւալած առեւտրային գործունէութեան արդիւնքն է:
Ինտերակտիւ քարտէզը կազմելու համար գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի 95 ժողովուրդներին պատկանող գրեթէ 1490 անձանց ԴՆԹ թեստ-արդիւնքներ, այդ թւում` 16 տարբեր հայերի գենետիկ կոդեր, որոնց ընդհանրացւած արդիւնքից պարզւել է, որ պատմութեան ընթացքում հայերը ձուլւել են պարսիկների՝ 23.1, վրացիների` 10.8, լեհերի՝ 8.1, լիտւացիների` 6.9, Կիպրոսի յոյների`4.8 եւ սիրիացիների հետ 4.5 տոկոսներով: