Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ԱՄՆ-ի յայտնի զբօսաշրջային Tripadvisor.com ինտերնետային կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ընդգրկւելու փաստն Ադրբեջանին կրկին իրականութեան խեղաթիւրման քայլերի է մղել: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալութիւնը, ադրբեջանական հիստերիայի արդիւնքում երկրի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը որոշում է կայացրել դիմել կայքի տնօրինութեանը: Բացի դրանից, նախարարութեան ներկայացուցիչը յայտնել է, որ Tripadvisor.com-ում տեղ գտած հիւրանոցները, որոնք առաջարկւում են զբօսաշրջիկներին, «պէտք է ունենան Ադրբեջանի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան համապատասխան լիցենզիան, որն այս պահին չունեն»: Հարցին միջամտել է նաեւ այդ երկրի արտգործնախարարութիւնը: Ադրբեջանի ԱԳՆ-ի խօսնակ Էլման Աբդուլլաեւը ԱՊԱ-ին յայտնել է, որ հարցը ուսումնասիրւում է, եւ դրա առնչութեամբ համապատասխան յանձնարարականներ են տրւել դիւանագիտական ներկայացուցիչներին:

Ամերիկեան յայտնի Tripadvisor.com կայքն անգլերէն, ռուսերէն, ֆրանսերէն, արաբերէն եւ այլ լեզուներով այցելուներին է ներկայացնում աշխարհի տարբեր երկրների զբօսաշրջային վայրերը եւ հիւրանոցները: Զբօսաշրջիկները հնարաւորութիւն ունեն այցից յետոյ իրենց կարծիքը թողնել կայքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն այցելած զբօսաշրջիկների գերակշիռ մեծամասնութեան թողած մեկնաբանութիւնները վկայում են այն մասին, որ նրանք հաւանել են զբօսաշրջային Արցախը եւ ցանկութիւն յայտնել կրկին վերադառնալ այնտեղ: Կայքում Արցախը ներկայացւած է հէնց որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն: