Աղբիւր՝ www.minidiaspora.am

Սիրելի՛ հայրենակիցնէր, գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ 2016 թ. հոկտեմբերի 20-24-ը Երեւանում եւ Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները որոշեցին համահայկական լրատւամիջոցներով սկսել «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը:

Շարժման նպատակն է բոլոր հնարաւոր միջոցներով աջակցել Արցախի եւ նրա ժողովրդի տնտեսական, սոցիալական բարելաւման գործին եւ բարեկեցութեանը:

Այս նպատակով կոչ ենք անում 2017 թ. սփիւռքեան համայնքների կողմից կազմակերպւող բոլոր միջոցառումները նւիրել Արցախին (փառատօններ, մշակութային երեկոներ, մրցոյթներ, արիւնատւչութեան ձեռնարկներ, համերգներ, ցուցահանդէսներ, դրամահաւաքներ եւ այլն), ինչպէս դա արւեց Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի տարում: Ուզում ենք, որ 2017 թւականը համայն հայութեան համար դառնայ Արցախի տարի…

Նախարարութիւնը բացել է ֆէյսբուքեան էջ, որտեղ հրապարակւելու են սփիւռքեան համայնքների եւ սփիւռքահայ անհատների կողմից Արցախի համար իրականացւող բոլոր միջոցառումները: Իրականացւող ձեռնարկները հրապարակւելու են նաեւ նախարարութեան «Հայերն այսօր» էլ. լրատւամիջոցի համապատասխան բաժնում` www.hayernaysor.am:

Միացէ՛ք մեր ֆէյսբուքեան էջին` What Are You Doing for Karabakh? եւ հետեւէք շարժման գործընթացին` մաս կազմելով այս հիանալի համահայկական ձեռնարկին: Ձեռնարկները մեկնարկելու եւ հայկական աշխարհում հանրայնացնելու նպատակով իւրաքանչիւրիդ խնդրում ենք լուսանկարւել` պարզելով «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» ցուցապաստառը եւ ուղարկել մեզ` ֆէյսբուքեան էջում եւ լրատւամիջոցներում հրապարակելու եւ տարածելու համար:

Մենք հաւատում ենք, որ հայկական Սփիւռքի եւ Հայաստանի միասնական ներուժով կարող ենք զօրավիգ լինել Արցախում ապրող մեր քոյրերին ու եղբայրներին:

ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ