Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«yerkir.am» - Արամ Խաչատրեանի ձեռագրերն ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի Անյապաղ պաշտպանութեան տակ առնւած արժէքների ցանկում:

Խաչատրեանի տուն-թանգարանի տնօրեն Արմինէ Գրիգորեանը «yerkir.am»-ի հետ զրոյցում նշեց, որ Հայաստանի ներկայացրած «Արամ Խաչատրեանի ձեռագիր նոտաները եւ կինոերաժշտութիւնը յայտը ԻՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի յիշողութիւն» ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) ներկայացւել է դեռեւս 2010-ին:

«2013-ին, երբ Կորէայում տեղի ունեցաւ ներկայացւած յայտերի հերթական քննարկումը, մենք դարձանք նոմինանտ: Յայտը քննւել է շուրջ 20 երկրների ներկայացուցիչների կողմից: 2000 յայտ է ներկայացւած եղել, որոնից ընտրւել են մի քանիսը, այդ թւում՝ մերը: Անյապաղ պաշտպանութեան տակ առնւած արժէքների ցանկում են ընդգրկւել թանգարանի արխիւում եղած 11 ձեռագրերը, 4 ձեռագիր էլ Խաչատրեանի որդին է տրամադրել»,- ասաց Ա. Գրիգորեանը եւ յաւելեց, որ Խաչատրեանի ֆիլմերի համար գրւած երաժշտութիւնը (մօտ 25 ֆիլմի համար) ամբողջ յայտով նոյնպէս այդ ցանկում է:

Թանգարանի տնօրէնի կարծիքով՝ սա եւս մէկ անգամ փաստում է, որ Խաչատրեանը համաշխարհային մեծութիւն է, իսկ նրա ժառանգութիւնը՝ համաշխարհային արժէք: