Աղբիւր՝ www.yerakouyn.com
Մաքսային Միութիւն մտնելու Հայաստանի իշխանութիւնների որոշումից յետոյ Եւրոպական խորհրդարանը կոշտացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցով` փորձելով ոչ հայանպաստ ձեւակերպումներով յայտարարութիւն ընդունել: Դրա հետեւանքով առաջին անգամ Եւրոմիութիւն-Հայաստան խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի նիստը աւարտւել է առանց համատեղ յայտարարութեան: Այս մասին հաղորդում է «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանը:
Մասնաւորապէս, անցեալ շաբաթ Սթրազբուրկի մէջ տեղի է ունեցել Հայաստան-Եւրոմիութիւն խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողով, նիստի ժամանակ եւրոպացի պատգամաւորները Ղարաբաղի հարցով ոչ հայանպաստ ելոյթներ են ունեցել` մեղադրելով Հայաստանին խնդրի կարգաւորման հարցով յառաջընթաց չարձանագրելու համար:
Հայաստան-Եւրոմիութիւն խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի անդամ, «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Թեւան Պօղոսեանը «Ազատութեան»-ը յայտնել է, որ եւրոպացի խորհրդարանականները նոյնիսկ Հայաստանին մեղադրել են Ղարաբաղի հարցով միակողմանի զիջումներ չանելու համար:
«Կարծես ադրբէյջանական տեսակէտ յայտնէին` չկայ որեւէ յառաջընթաց հինգ տարում, հինգ տարում որեւէ բան ինքներտ չէք արել, որեւէ միակողմանի զիջումների չէք գնացել, եւ ժամանակն է եկել Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան փոխելու Եւրամիութիւնով, իսկ Հայաստանը չի համաձայնում: Եւ հասկանալի էր, որ իրենք կարծես որեւէ բացատրութիւն չէին էլ ցանկանում լսել: Ամենահետաքրքիրը դա էր»,- ասել է Պօղոսեանը:
Ուշագրաւ է, որ երբ հայկական պատւիրակութեան անդամները փորձել են հակադարձել եւրոպացի խորհրդարանականներին, նրանց պարզապէս չեն լսել՝ պատճառաբանելով, թէ ժամանակ չունեն: Հայկական պատւիրակութեան կազմում եղել են նաեւ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինեանը, անկախ պատգամաւոր Էդմոն Մարուքեանը, Դաշնակցութիւնից Աղւան Վարդանեանը, իշխող Հանրապետականներից յանձնաժողովի ղեկավար Սամւէլ Ֆարմանեանը եւ այլ պատգամաւորներ:
«Ասացին, որ մենք ունենք յաջորդ հանդիպումը, կայ աւելի այլ կարեւոր հանդիպում, եւ քանի որ Ղարաբաղի ձեւակերպումը չհամաձայնեցւեց, ժամանակը աւարտւեց, իրենց ձեւակերպումը այնպէս էր, որ մեղադրանք էր դրւում գործընթացի բացակայութեան շրջանակներում, ինչը իրենք փորձում էին բացատրել, որ Ֆրանսիան պէտք է փոխարինել Եւրամիութիւնով, եթէ ուզում են, որ ԵՄ-ն ինչ-որ չափով օժանդակի: Իրենք փորձում են ասել, որ չկայ որեւէ յառաջընթաց, ինչը հիմք կը ծառայի ապագայում իրենց համար օգտագործելու, որ տեսէք, քանի որ դա համատեղ յայտարարութիւն է, հայկական կողմն էլ ունի դժգոհութիւններ: Դա շատ նման է ադրբեջանական տեսակէտին, որը միշտ ասում է, որ չկայ այլ ֆորմատ, բայց եկէք դժգոհենք Մինսկի խմբից»,- ասել է Պօղոսեանը:
Այն, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եւրոմիութիւն-Հայաստան խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի նիստը աւարտւել է առանց յայտարարութեան, Թեւան Պօղոսեանը տեղի ունեցածում տեսել է նաեւ հայկական կողմի բացթողումը: Ընդդիմադիր պատգամաւորի փոխանցմամբ, եթէ հայկական պատուիրակութիւնը դիւանագիտական ճկունութիւն ցուցաբերէր, ապա Հայաստանի շահերը չոտնահարող յայտարարութիւն կը ընդունւէր:
Ի դէպ, պատուիրակութեան անդամ Աղւան Վարդանեանը (ՀՅԴ) «Երկիր»-ի զրոյցում նոյնպէս տեղի ունեցածում մեղաւոր է համարել իշխող Հանրապետականի պատգամաւոր, պատւիրակութեան ղեկավար Սամուէլ Ֆարմանեանին:
«Իմ առաջին տպաւորութեամբ` մեր յանձնաժողովի ղեկավարը դերակատարում ունեցաւ չստորագրման մէջ: Ինչ-որ տեղ նրա միանձնեայ դիրքորոշման պատճառով այս ամէնը տեղի ունեցաւ»,- ասել է Վարդանեանը` պնդելով, որ Ղարաբաղի վերաբերեալ երեք սկզբունք է եղել, որոնցից մէկն էր խնդրայարոյց եւ հնարաւոր էր չէզոքացնել:
Հանրապետական պատգամաւոր Սամուէլ Ֆարմանեանը առայժմ չի ցանկանում հակադարձել ընդդիմադիրների մեղադրանքներին` խոստանալով իր պարզաբանումները ներկայացնել յառաջիկայում հրաւիրւելիք ասուլիսի ընթացքին: Ուշագրաւ է, որ իշխող ուժի ներկայացուցիչը չի թաքցնում, որ Ղարաբաղի հարցով եւրոպացիների դիրքորոշման կոշտացումը պայմանաւորուել է Մաքսային Միութեան անդամակցելու Հայաստանի իշխանութիւնների որոշմամբ:
«Առաւել մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ եւրոխորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերեալ իրենց դժգոհութեան արտայայտման լաւագոյն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ առաւել կոշտ, իրականում հակամարտութեան խաղաղ հանգուցալուծմանը որեւէ կերպ չնպաստող, եթէ ոչ ուղղակիօրէն վնասող մօտեցումների կիրառումը»,-դիմատետրի իր էջում գրել է Ֆարմանեանը:
Այն, որ Ղարաբաղի հարցով եւրոպացի պատգամաւորների դիրքորոշման մէջ փոփոխութիւնը պայմանաւորւել է ՄՄ մտնելու որոշման հետ, նշել է նաեւ «Ժառանգութեան» պատգամաւոր Թեւան Պօղոսեանը: Նա պատահական չի համարում, որ յայտարարութեան բնագրի մէջ որեւէ հարցի հետ կապւած եւրոպացիները առարկութիւններ չեն ներկայացրել, նոյնիսկ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին վերաբերող ձեւակերպման մէջ շատ արագ համաձայնել են, մինչդեռ Ղարաբաղի հարցով փորձել են պնդել իրենց մօտեցումները:
«Դա մեզ հասկացնել է տալիս, որ իրենք հէնց այս հարցով են փորձում մեզ հետ յարաբերութիւնների խնդիրը ճնշման տակ պահել»,- ասել է նա:
Պօղոսեանը նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Եւրոմիութիւնը երբեւէ չէ ստորագրել համատեղ յայտարարութիւն Ադրբէյանի հետ, քանի որ Պաքուն չէ համաձայնւել Ղարաբաղի հարցով ԵՄ-ի հաւասարակշռւած դիրքորոշման հետ: Հայաստանը, մինչդեռ անցեալ տարիներին ունենալով համատեղ յայտարարութիւններ, այս անգամ զրկւելով դրանից, յետընթաց արձանագրեց` այս առումով հաւասարւելով Ադրբէյջանին: