Աղբիւր՝ www.asbarez.com
ԵՐԵՒԱՆ, «Արմէնպրես».- Հայաստանը խթանել է հայրենադարձութիւնը, եւ պետական ծրագրներին զուգահեռ՝ նաեւ հասարակական ոլորտը աշխոյժ աշխատանք է տարել այդ նպատակով: Արդարեւ, վերջին հինգ տարիներին, սեփական կամքով եւ նախաձեռնութեամբ Հայաստանում հաստատւել են մօտաւորապէս հազար հայրենադարձներ՝ Ամերիկայից, եւրոպական երկիրներից եւ Մերձաւոր Արեւելքից: Հաստատւողները հիմնականում ընտանիքներ են, սակայն կան նաեւ երիտասարդներ, որոնք փափագում են իրենց կեանքը շարունակել Հայաստանի մէջ:
Սփիւռքի նախարարութեան հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեան պետ Գրիգոր Արշակեանը ասել է, թէ նախարարութիւնը հայրենադարձութեան կազմակերպման եւ հետագայ այլ հարցերի համար համագործակցել է մի շարք կազմակերպութիւնների հետ, որոնցից մէկն է «Վերադարձ Հայաստան»ը:
«2009 թւականից մինչ օրս, տաբեր հաշւարկներով կամովին Հայաստան է ժամանել 700-1000 հայրենադարձ: Բնականաբար, սիրիակական պատերազմի հետեւանքով Հայաստանում հաստատւած հայերը չեն ներգրաւել այս հաշւարկների մէջ (իսկ նրանք շուրջ 11 հազար են- Խմբ.)», ասել է Գրիգոր Արշակեանը:
1.5 տարւայ գործունէութիւն ծաւալող եւ աւելի քան 600 հայրենադարձի օժանդակած «Վերադարձ Հայաստան» կազմակերպութիւնը աշխատանք է տարել ոչ միայն արդէն հայրենիք ապրող հայրենադարձների, այլեւ նման ցանկութիւն ունեցող սփիւռքահայերի հետ:
«Մեր հիմնական նպատակն է օգնել մարդկանց, ովքեր կամաւոր եւ գիտակցաբար ցանկանում են տեղափոխուել Հայաստան: Առաջին հերթին, մենք փորձում ենք ճշգրիտ տեղեկութիւն տարածել Սփիւռքում՝ Հայաստանում տիրող կեանքի՝ թէ՛ դժւարութիւնների, թէ՛ առաւելութիւնների մասին: Շատերը, Հայաստանում չապրելով՝ չունեն յստակ պատկերացումներ այստեղի մասին, իսկ դրսում, ցաւօք, չափազանցւած լուրերի պակաս չի զգացւում», նշել է «Վերադարձ Հայաստան» հիմնարկի գործադիր տնօրէն Վարդան Մարաշլեանը:
Աշխոյժ աշխատանք է տարւել նաեւ արտասահմանից Հայաստան եկող տարբեր խումբերի հետ, յատկապէս՝ ամռան, ներկայացնելով Հայաստանի կեանքի եւ ծառայութիւնների մասին առարկայական տեղեկութիւններ:
«Մենք ֆիզիքապէս ենք ներկայ լինում, օգնութիւն ենք տրամադրում նաեւ հեռակայ կարգով՝ համացանցային միջոցների օգնութեամբ: Ամենակարեւոր մեր ձեռքբերումն այն է, որ կարողացել ենք համախմբել 600 հայրենադարձների՝ Ամերիկայից, Կանադայից, Ռուսաստանից, Լիբանանից, Սիրիայից եւ այլ երկրներից, ովքեր իրենց փորձով պատրաստ են կիսւել նոր եկածների հետ», նշել է Վարդան Մարաշլեանը՝ կարեւոր նկատելով նաեւ աշխատակցելը տեղացիների հետ, որոնք իրենց վերաբերումով կարող են մեծ ազդեցութիւն ունենալ հայրենադարձների վրայ:
«Վերադարձ Հայաստան»-ը փորձում է հայրենադարձներին օգտակար հանդիսանալ աշխատանքի տեղաւորելու, սեփական գործ հիմնելու, անհրաժեշտ տեղեկատուութիւն փոխանցելու եւ օգտակար կապեր հաստատելու միջոցով: «Այս պահին, համագործակցում ենք աւելի քան 40 կազմակերպութիւնների հետ եւ յաջողուել է միջնորդել 150 հայրենադարձի աշխատանքի տեղաւորման հարցում», ասել է գործադիր տնօրէնը:
«Ինչ վերաբերում է սեփական գործ սկսելուն, ապա առաջին հերթին ապահովում ենք այդ մարդկանց կապը հաշւապահական, խորհրդատւական, իրաւաբանական կազմակերպութիւնների հետ, որպէսզի հասկանան այստեղի ներդրումային դաշտի վիճակը, առաւելութիւնները, դժւարութիւնները: Բացի դրանից՝ տեղի է ունենում փորձի փոխանակում այն հայրենադարձների կոմից, ովքեր արդէն իսկ անցել են այդ ճանապարհով, գիտեն ոլորտի վտանգները», ասել է Վարդան Մարաշլեանը:
Նիւ Եորքից իր կնոջ հետ արդէն 1.5 տարիից ի վեր Հայաստան ապրող Արամազդ Գալայճեանի համաձայն՝ Հայաստանի մէջ առկայ դժւարութիւնները բնորոշ են բոլոր երկրների համար եւ պէտք է պարզապէս այլ տեսանկիւնից նայել Հայաստանին: «Չեմ ասում, որ վատ մասերը պէտք է անտեսենք, այլ, գիտակից լինելով՝ տեսնենք նաեւ դրականն ու անենք ամէն ինչ՝ դրան հասնելու համար», ասել է նա:
Երկու ամիս առաջ Բելառուսից Հայաստան հաստատւած Նինա Մեհրաբեանը ասում է. «Առաջին անգամ Հայաստան անցելեցի 8 տարեկանում, մինչ այդ՝ ես սիրել, պաշտել, յարգել եմ այն Հայաստանը, որի մասին ինձ պատմել են: Առաջին անգամ Հայաստանում ստացած որոշ տպաւորութիւններ կարող են հիասթափեցնել, բայց կարեւորն այն չի, թէ որտե՛ղ ես ապրում, այլ՝ ո՛վ ես դու»:
«Վերադարձ Հայաստան»-ը վերջին 1.5 տարիներին, հայրենադարձութեան նւիրուած հանդիպումներ է կազմակերպել Սան Ֆրանսիսքոյի, Լոս Անջելեսի, Լոնդոնի, Մոսկւայի եւ Բէյրութի մէջ: Այս տարի նախատեսւում է նմանատիպ հանդիպումներ կայացնել Իրանի, Լիբանանի, Վրաստանի, Ֆրանսայի, Ռուսիոյ, Կանադայի եւ Միացեալ Նահանգների մէջ:
(Քաղւած՝ Անի Նազարեանի յօդւածից)