Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետութիւնում գտնւող Նախագահ Սերժ Սարգսեանը յուլիսի 8-ի երեկոյեան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետութեան նախագահը ցաւակցութիւն է յայտնել պետքարտուղար Քերիին` ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դէպքի կապակցութեամբ:

Ինչպէս տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, ՀՀ նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսեանը բարձր է գնահատել Միացեալ Նահանգների` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղւած տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ապահովմանը:

Հանդիպման առիթով Սերժ Սարգսեանը եւս մէկ անգամ իր երախտագիտութիւնն է յայտնել պետքարտուղար Քերիին` Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ սանձազերծւած ապրիլեան ագրեսիայի պատճառով հակամարտութեան գօտում ստեղծւած լարւած իրավիճակից դուրս գալուն միտւած գործուն քայլերի համար, նաեւ որոնց արդիւնքում կայացան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն ու ընդունւեցին համատեղ յայտարարութիւններ:

Սերժ Սարգսեանը եւ Ջոն Քերին անդրադարձել են ս.թ. յուլիսի 6-ին Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների նախագահների միջեւ տեղի ունեցած հեռախօսազրոյցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ քննարկւած հարցերին: Զրուցակիցները եւս մէկ անգամ կարեւորել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերւած պայմանաւորւածութիւնների անվերապահ կենսագործումը: