Աղբիւր՝ www.yerkir.am
Քառօրեայ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի զինծառայողների սպանութեան եւ նրանց մարմինների խոշտանգումների կապակցութեամբ յարուցւել է 6 քրէական գործ:
Այս մասին յայտնում են Լեռնային Ղարաբաղի Գլխաւոր դատախազութիւնից: Ըստ այդմ` յարուցւել է 3 առանձին քրէական գործ` 19-ամեայ եզդի զինծառայող Քեարամ Սլոյեանի, վարորդ Հրանտ Ղարիբեանի եւ 31-ամեայ մայոր Հայկ Թորոյեանի գլխատման փաստերով:
Յարուցւել են նաեւ քրէական գործեր 19 զինծառայողների մարմինների խոշտանգումների գործով:
Դատախազութիւնից փոխանցեցին, որ փորձաքննութիւնների արդիւնքների համաձայն` Քեարամ Սլոյեանն ու Հրանտ Ղարիբեանը գլխատւել են մահից յետոյ: 31-ամեայ մայոր Հայկ Թորոյեանին ադրբեջանցիները գլխատել են կենդանութեան օրօք:
Դատախազութիւնը արձանագրել է նաեւ այլ խոշտանգումներ. զինծառայողներ Ռաֆիկ Յակոբեանի, Աղասի Ասատրեանի, Անդրանիկ Զոհրաբեանի, Ռոբերտ Աբաջեանի, Ալեքսան Առաքելեանի, Օնիկ Գրիգորեանի, Ռոման Պօղոսեանի, Սուրէն Մելքումեանի, Մաքսիմ Գրիգորեանի, Ժորայ Եսայեանի, Բագրատ Ալեքսանեանի, Բորիս Օզմանեանի, Գրիգոր Յարութիւնեանի, Ադամ Սահակեանի, Անդրանիկ Գրիգորեանի ականջները կտրած են եղել:
Զինծառայող Տիգրան Բերաքչեանի մօտ կտրւած են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները: Արման Անդրասեանի մօտ կտրւած է եղել աջ ականջը, կտրւածքնէր են եղել կրծքավանդակի վրայ: Քառօրեայ պատերազմում զոհւած Ազատ Սիմոնեանի մօտ կտրւած է եղել աջ ձեռքի մատը: Զինծառայող Աշոտ Շահբազեանի ձախ աչքը հանւած է եղել:
Յիշեցնենք, որ ԼՂՀ օմբուդսմենն ու խոշտանգւած զինծառայողների ծնողները դիմել են ՄԻԵԴ` բողոքելով ադրբեջանցիների խոշտանգումների եւ վայրագութիւնների դէմ: