Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

26 յունիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի վեհարանին մէջ տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսին եւ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանչիսկոս պապին միացեալ հռչակագիրի ստորագրութեան արարողութիւնը:

Հռչակագիրին մէջ նշուած է.

«Այսօր համայն հայութեան հոգեւոր կեդրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Ֆրանչիսկոս պապը, ընծայում ենք մեր մտքերը եւ սրտերը որպէս շնորհակալութեան տուրք Ամենակարողին` պայքարով քայքայուած եւ սփոփանքի ու յոյսի ծարաւով լեցուն աշխարհում շարունակելու եւ մեծացնելու հաւատի ու սիրոյ սերտ կապերը Հայոց եկեղեցու եւ կաթողիկէ եկեղեցու միջեւ` փրկութեան աւետարանական ուղերձի իրենց համընդհանուր վկայութեամբ:

«Մենք փառաբանում ենք ամենասուրբ Երրորդութեանը` Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ընձեռելու համար մեզ հնարաւորութիւնը մէկտեղուելու աստուածաշնչական Արարատի երկրում, որը կանգուն է որպէս վկայութիւն, որ Աստուած է միշտ մեր պաշտպանութիւնն ու փրկութիւնը:

«Գոհունակութեամբ ու հոգեւոր ուրախութեամբ ենք անդրադառնում, որ  2001 թուականին քրիստոնէութիւնը Հայաստանում  պետական կրօն հռչակման 1700-ամեակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ  Յովհաննէս-Պօղոս Բ. պապը` որպէս հայ եւ կաթողիկէ եկեղեցիների եղբայրական ջերմ յարաբերութիւնների պատմութեան նոր էջի վկայութիւն:  Մենք երախտապարտ ենք, որ շնորհն  ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսաւոր պատարագի ժամանակ, 2015 թուականի ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր յանձնառութիւնն արտայայտեցինք հակադարձելու բռնութեան ու անհանդուրժողականութեան ցանկացած դրսեւորումի վերակոչելով այն, ինչ արդէն հաստատուել էր Յովհաննէս Պօղոս Բ.-ի եւ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ստորագրուած համատեղ յայտարարութեան մէջ, որ «մէկուկէս միլիոն հայ քրիստոնեաների բնաջնջումն ընդհանրապէս ընկալւում է իբրեւ Ի. դարի առաջին ցեղասպանութիւն» (միացեալ յայտարարութիւն, Գարեգին Բ. եւ Յովհաննէս-Պօղոս Բ., 27 սեպտեմբեր 2001):

«Փառք Բարձրեալին, որ այսօր քրիստոնէական հաւատը կենսունակ իրականութիւն է Հայաստանում, եւ հայոց եկեղեցին իր լիարժէք առաքելութիւնն է իրականացնում` եկեղեցիների միջեւ տիրող համագործակցութեան եղբայրական ոգով նեցուկ լինելով հաւատացեալներին` զօրակից, արդար եւ խաղաղ աշխարհի կերտման գործում: Ցաւօք, մենք վկաներ ենք մեր աչքերի առաջ տեղի ունեցող մի մեծ ողբերգութեան` անթիւ անհամար անմեղ մարդկանց սպանութիւնների, Մերձաւոր Արեւելքում եւ աշխարհի այլ ծագերում ցեղային, տնտեսական, քաղաքական եւ կրօնական հիմքերի վրայ զարգացող շարունակական բնոյթի հակամարտութիւններով թելադրուած տեղահանումների կամ պարտադրուած ցաւալի ու անորոշ աքսորների: Այդ ամէնի արդիւնքում կրօնական եւ ցեղային փոքրամասնութիւնները դարձել են հալածանքների եւ դաժան վերաբերմունքի թիրախ, այն առումով, որ սեփական կրօնական համոզմունքի համար տառապելը  դարձել է ամէնօրեայ իրականութիւն:

«Նահատակները պատկանում են բոլոր եկեղեցիներին եւ նրանց տառապանքը «արեան էքիւմենիզմ» է, որը անդրանցնում է  քրիստոնեաների միջեւ առկայ պատմական բաժանումները` մեզ բոլորիս կոչելով նպաստել Քրիստոսի առաքեալների տեսանելի միասնականութեանը: Մենք, սուրբ առաքեալների` Պետրոսի եւ Պօղոսի, Թադէոսի եւ Բարթողիմէոսի բարեխօսութեամբ, միասնաբար աղօթում ենք, որպէսզի սրտերի փոփոխութիւն տեղի ունենայ բոլորի մէջ, նրանց, ովքեր գործում են այսպիսի յանցանքներ եւ նրանց, ովքեր իրենց դիրքի շնորհիւ կարող են կանգնեցնել բռնութիւնները: Մենք յորդորում ենք ազգերի առաջնորդներին` ունկնդրելու միլիոնաւոր մարդկային արարածների կոչին, ովքեր խաղաղութիւն եւ արդարութիւն են տենչում աշխարհում, ովքեր յարգանք են պահանջում իրենց աստուածատուր իրաւունքների նկատմամբ, ովքեր անյապաղ կարիք ունեն հացի, այլ ոչ թէ զէնքերի:

«Ցաւօք, մենք ականատես ենք կրօնի եւ կրօնական արժէքների արմատական դրսեւորումների, որոնք կիրառւում են` ատելութեան, խտրականութեան ու բռնութեան տարածումն արդարացնելու համար:

«Նմանատիպ յանցանքների` կրօնական գաղափարներով արդարացումն անընդունելի է, քանի որ «Աստուած խռովութեան Աստուածը չէ, այլ խաղաղութեան» (Ա. Կոր. 14:33): Աւելի՛ն, կրօնական տարբերութիւնների հանդէպ յարգանքն անհրաժեշտ պայման է ցեղային ու կրօնական տարբեր համայնքների խաղաղ համակեցութեան համար: Եւ հէնց քրիստոնեայ լինելով է, որ մենք կոչուած ենք խաղաղութեան ու հաշտութեան ուղիներ փնտռելու եւ իրագործելու: Այս իմաստով մենք յոյսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կը գտնեն խաղաղ լուծում:

«Յիշելով  այն ամէնը, ինչ Յիսուս սովորեցրեց Իր աշակերտներին, երբ Նա ասաց. «Ես սոված էի, եւ դուք ինձ հաց տուեցիք, ես ծարաւ էի եւ դուք ինձ խմելու մի բան տուեցիք, ես օտարական էի, եւ դուք ինձ ընդունեցիք, ես մերկ էի, եւ դուք ինձ հագցրեցիք, ես հիւանդ էի, դուք ինձ այցելեցիք, ես բանտում էի, եւ դուք եկաք ինձ տեսութեան» (Մատթ. 25:35-36), մենք խնդրում ենք մեր եկեղեցիների հաւատացեալներին բացելու իրենց սրտերն ու ձեռքերը` օգնելու պատերազմի եւ ահաբեկչութեան զոհերին, փախստականներին եւ նրանց ընտանիքներին:  «Կարեւորւում է մեր մարդասիրութեան զգացումը, մեր զօրակցութիւնը, կարեկցանքը եւ մեծահոգութիւնը, որոնք կարող են ճիշդ արտայայտուել միայն առկայ նիւթական պաշարների անյապաղ եւ գործնական նուիրատուութեամբ:

«Մենք ընդունում ենք  այն, ինչն արդէն իսկ արւում է, բայց պնդում ենք, որ աւելին պէտք է արուի քաղաքական առաջնորդների եւ միջազգային կառոյցների կողմից, որպէսզի ապահովուած լինի  բոլորի` խաղաղութեան եւ անվտանգութեան մէջ ապրելու իրաւունքը, պաշտպանուած լինի օրէնքի գերակայութիւնը, կրօնական եւ ցեղային փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը, կանխուած լինեն  մարդկային շահագործումը եւ մաքսանենգութիւնը:

Հասարակութեան ստուար հատուածների աշխարհիկացումը, օտարումը հոգեւորից ու աստուածայինից, անխուսափելիօրէն յանգեցնում են մարդու եւ մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նիւթապաշտական ընկալմանը:  Այս առումով մենք  մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կեանքի ճգնաժամով: Հայ եւ կաթողիկէ եկեղեցիներն ընտանիքի մասին նոյն ընկալումն ունեն, որը հիմնուած է ազատ կամքով ու հաւատարմութեամբ ծնուած սիրոյ արդիւնք հանդիսացող տղամարդու եւ կնոջ ամուսնութեան վրայ:

«Մենք ուրախութեամբ արձանագրում ենք, որ չնայած քրիստոնեաների միջեւ առկայ բաժանումներին,  այն, ինչ մեզ միաւորում է, աւելին է, քան այն, ինչ մեզ բաժանում է, որի վրայ էլ պէտք է կառուցել Քրիստոսի եկեղեցու միութիւնը, ըստ Տիրոջ խօսքի, որ բոլորը մէկ լինեն (Յովհ. ԺԷ. 21):  Վերջին տասնամեակներում  մեր եկեղեցիների յարաբերութիւնները թեւակոխել են որակապէս նոր փուլ` ամրապնդուած լինելով համատեղ աղօթքներով եւ ժամանակակից մարտահրաւէրներին դիմագրաւելու միասնական ջանքերով: Մենք այսօր համոզուած ենք այս յարաբերութիւնների շարունակականութեան խիստ կարեւորութեան մէջ` երկուստէք առաւել խորը եւ վճռական յանձնառութեամբ ոչ միայն աստուածաբանական մարզում, այլեւ աղօթական եւ գործնական համագործակցութեամբ տեղական համայնքներում` լիարժէք հաղորդակցութիւն  եւ միութեան յստակ արտայայտութիւններ կիսելու տեսլականով: Մենք յորդորում ենք մեր հաւատացեալներին ներդաշնակ կերպով աշխատելու հասարակութեան մէջ քրիստոնէական արժէքների զօրացման համար, որոնք արդիւնաւոր կերպով նպաստում են արդարութեան, խաղաղութեան եւ մարդկային  համերաշխութեան քաղաքակրթութեան կառուցմանը: Հաշտութեան եւ եղբայրութեան ուղին բաց է մեր առաջ: Թող Սուրբ Հոգին, ով առաջնորդում է մեզ ամենայն ճշմարտութեան (հմմտ. Յովհ. ԺԶ 13), զօրացնի ամէն  ազնիւ ջանք, որ ուղղուած է մեր մէջ սիրոյ եւ հաղորդութեան կամուրջների կառուցմանը:

«Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հաւատացեալներին միանալու մեզ աղօթքով, Սուրբ Ներսէս Շնորհալու խօսքերով. «Փառաւորեալ Տէր, ընդունի՛ր ծառաներիդ աղաչանքները եւ ի բարին կատարիր մեր խնդրանքները` բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնի, եւ Յովհաննէս Մկրտչի, եւ Սուրբ Ստեփանոս Նախավկայի, եւ մեր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի, եւ Սուրբ առաքեալների, մարգարէների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնաւորների, կոյսերի եւ Քո բոլոր երկնային ու երկրային սրբերի: Եւ Քեզ` անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ, փառք եւ երկրպագութիւն, յաւիտեանս յաւիտենից, ամէն»: