Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Երեւանում, Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն եւ հնչեց խաղաղության աղոթք՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ:

Երևան քաղաքի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջներից հետո սկսվեց արարողությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, արարողությանը մասնակցում էին Հայոց Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից։

Հավաքվածներին եւ ողջ հայ ժողովրդին ուղերձով դիմեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հռոմի Սրբազան Քահանայապետը։

Ապա տեղի ունեցավ մի ուշագրավ արարողություն, որից հետո Հռոմի պապին փոխանցվեց խորհրդանշական նվեր՝ Նոյյան Տապանի մանրակերտը:

Նոյյան Տապանը, որ իջավ  Արարատի գագաթին, մնայուն խորհրդանիշն է մարդկության փրկության ու վերածննդի: Վերջին տարիներին այսպիսի փրկության տապան եղավ նաև Հայաստանը՝ Մերձավոր Արևելքից փախստական դարձած  հազարավոր ընտանիքների համար, ովքեր շառավիղներն են Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերի:

Ուստի հայկական պատմական նահանգների ավանդական զգեստներով տասներկու երեխաները երկու հովվապետերին օրհնության համար մատուցեցին իրենց երկներից բերված հողը և ջուրը: Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսրայելից, Հորդանանից, Քուվեյթից, Իրանից ժամանած հայորդիները օրհնված հողը լցրեցին տապանի մանրակերտի մեջ, որի մեջ հետո տնկվեց հայկական խաղողի տունկը:

Ի դեպ, երեխաների խմբի վերջին զույգը Հայաստանից է: Նրանք խորհրդանշում էին հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի այս հատվածում:

Վեհափառն ու պապը սափորի ջրով ջրեցին խաղողի վազը:

Մինչ արարողությունը եւ դրանից հետո եւս Հանրապետության հրապարակում հնչեցին Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումի կատարումները: