Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Արցախի Հանրապետութեան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամուէլ Աւանեսեանը: Նախարարի խօսքով, ապրիլեան առաջին օրերից սկսած՝ նախարարութիւնն օպերատիւ կապի մէջ է ՀՀ մարզպետարանների, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարութեան միգրացիոն պետական ծառայութեան եւ Երեւանում ԼՂՀ ներկայացուցչութեան հետ, որոնք ամենօրեայ տեղեկութիւններ են հաղորդում այդ ընտանիքների վիճակի մասին:
«ԱՀ վարչապետի գլխաւորութեամբ ստեղծուած օպերատիւ շտաբի կողմից ապրիլին ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Լէնստօն Ղուլեանի գլխաւորութեամբ աշխատանքային խումբ էր գործուղուել ՀՀ, որտեղ հանդիպել են Թալիշ գիւղից տարհանուած եւ տարբեր բնակավայրերում ապաստան գտած ընտանիքների հետ: Նրանց, մասնաւորապէս, առաջարկել ենք Արցախ վերադառնալ, որտեղ ապահով վայրում կը տրամադրենք ժամանակաւոր կացարան, կ'ապահովենք առաջին անհրաժեշտութեան պարագաներով եւ կը տանք սոցիալական լրացուցիչ երաշխիքներ»,- ասել է Աւանեսեանը եւ յաւելել, որ այս ընթացքում առանց ուշացումների փոխանցուել են նրանց թոշակներն ու նպաստները:
ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խօսքով, այսօր՝ մայիսի 16-ին, Լէնստօն Ղուլեանի գլխաւորութեամբ կրկին աշխատանքային խումբ է գործուղուել ՀՀ, որտեղ նորից հանդիպումներ կ'անցկացուեն նշուած ընտանիքների հետ եւ վերադառնալու ցանկութիւն ունեցող բոլոր ընտանիքներին կը տրամադրուեն համապատասխան միջոցներ:
«Առաջիկայ օրերին կը սկսենք Արցախի տարբեր բնակավայրերում ապաստանած թալիշցիներին բնակարանային եւ վերը նշուած այլ պայմաններով ապահովման գործընթացը: Որպէս նախարար եւ այս գործում պատասխանատու պաշտօնեայ՝ կոչ եմ անում ապրիլեան քառօրեայ պատերազմի հետեւանքով Արցախից դուրս ապաստանած թալիշցիներին ետ վերադառնալ: Մինչեւ վերջնականօրէն կը լուծուի Թալիշ գիւղում անվտանգ ապրելու երաշխիքների խնդիրը՝ ԱՀ կառավարութիւնը անվտանգ վայրերում նրանց կ'ապահովի կենսական նշանակութեան բոլոր անհրաժեշտ պայմաններով»,- ասաց նախարարը:
ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշեց նաեւ, որ Մարտակերտի շրջանի բոլոր այն բնակավայրերից, որտեղից տեղի են ունեցել բնակչութեան զանգուածային կամ մասնակի տարհանումներ, այս օրերին ինտենսիւ կերպով մարդիկ սկսել են ետ վերադառնալ իրենց բնակավայրերը: «Ինչպէս արդէն նախապէս յայտարարուել է, հակառակորդի հրետակոծութիւնից տուժած բոլոր բնակիչները կառավարութեան կողմից ստանալու են համարժէք փոխատուցումներ»,- ասաց Աւանեսեանը՝ մանրամասնելով, որ հրետակոծութիւնից տուժած բոլոր տները քաղաքաշինութեան նախարարութեան կողմից վերակառուցուել կամ ընթացքի մէջ են, իսկ գոյքի եւ տեխնիկայի մասով արուել է գոյքագրում, եւ տրուելու են համապատասխան փոխհատուցումներ: