Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գծում տեղի ունեցած ընդհարումների եւ դրա շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ-համարժէք գնահատականի հետ կապւած ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկեան» ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպշիկին նամակ են յղել Արցախի մի շարք քաղաքական կազմակերպութիւնների երիտասարդական թեւեր եւ այլ երիտասարդական ու հասարակական կազմկերպութիւններ:
Նամակը յանձնելու համար փետրւարի 7-ի առաւօտեան ժամը 7:00-ից մինչեւ 10:00 աւելի քան 20 երիտասարդներ պաստառներով Արտգործնախարարութեան շէնքի դիմաց սպասել են դեսպան Անջէյ Կասպշիկին, ով պէտք է ներկայանար Արտգործնախարարութիւն, որտեղից եւ շարժւէր դէպի ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գիծ՝ նախօրոք պայմանաւորւած եւ պլանաւորւած սահմանային դիտարկում անցկացնելու համար:
Մինչ երիտասարդներն սպասում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին, Արտգործնախարարութեան շէնքին մօտեցած ծառայողական աւտոմեքենան, որի մէջ չէր Անջէյ Կասպշիկը, շտապ հեռացել է շէնքի տարածքից, որից յետոյ նա այլեւս Արտգործնախարարութեան շէնք չի ժամանել:
Սակայն այսքանով չսահմանափակւելով` երիտասարդները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին դիմաւորել են Ստեփանակերտի իր գրասենեակի մուտքում, եւ ստիպել լսել իրենց պահնաջն ու յանձնել նամակը:
Երիտասարդներն Անջէյ Կասպշիկի հետ խօսել են վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ընդհարումների մասին, եւ նշել, որ դրանք Ադրբեջանի կողմից հրահրման եւ սադրիչ գործողութիւնների արդիւնք են: Երիտասարդները դեսպանին ներկայացրել են իրենց անհանգստութիւնը՝ կապւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դրսեւորած ոչ համարժէք գնահատականի հետ, որի արդիւնքում Ադրբեջանը շարունակում է նման պահւածքը: Նրանք պահանջել են, որ սահմանային գծում տեղի ունեցող որեւէ միջադէպ ենթարկւի անկախ հետաքննութեան եւ պատասխանատու կողմը կրի համախատասխան պատիժ:
Արցախցի երիտասարդներն անհանգստութիւն են յայտնել, որ սահմանային գծում իրավիճակի լարումը եւ անմեղ երիտասարդների սպանութիւնները կը շարունակւեն, եթէ միջնորդ կողմը շարունակի պահպանել իր անհամարժէք պահւածքը:
«Մենք կանենք հնարաւորինս աւելին՝ սահմանային միջադէպերի կանխման համար»,- երիտասարդների բազմաթիւ հարցերին հնարաւորինս կարճ պատասխանել է Անջէյ Կասպշիկը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպշիկն ընդունելով Արցախի երիտասարդների եւ երիտասարդական կազմակերպութիւնների նամակն` ուղղւած իրեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, խոստացել է այն անպայման հասցնել հասցէատէրերին: