Աղբիւր՝ www.yerkir.am

 

Արցախեան պատերազմի առաջին օրերին պաշտպանութեան բանակի զոհուած սպաներից երկուսը՝ Յովսէփ Կիրակոսեանը եւ Աշոտ Շահբազեանը, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» հիմնադրամի կամաւոր դոնորներ էին: Յովսէփ Կիրակոսեանը եւ Աշոտ Շահբազեանը, որպէս ՈԴՀՌ, կամաւորագրուել են ռէեստրին 2006-2010 թթ.` Երեւանի Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտում կազմակերպուած ամենամեայ դոնորագրումների ժամանակ:

«Իւրաքանչիւր հայ զինուորի կորցրած կեանք շատ մեծ վիշտ է բոլորիs համար», - ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստրի նախագահ Ֆրիդա Ջորդանը:

«Այսօր, երբ մենք պարզեցինք, որ Յովսէփ Կիրակոսեանը եւ Աշոտ Շահբազեանը եղել են մեր հիմնադրամի կամաւոր դոնորներ, մեր վիշտn աւելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացութեան եւ հերոսութեան հանդէպ` էլ աւելի մեծ: Մեր զինուորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կեանքեր ոչ միայն ռազմի դաշտում`պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաեւ խաղաղ պայմաններում`օգնելով արեան քաղցկեղից տառապող հիւանդներին: Մենք մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում զոհուած զինուորների եւ սպաների ընտանիքներին:

Ամէն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռէեստր» բարեգործական հիմնադրամը Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտում, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Արցախի տասնեակ այլ հաստատութիւններում, բուհերում, համայնքային կենտրոններում եւ ՀԿ-ներում անցկացնում է դոնորագրումներ: Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտի ամենամեայ ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է եւ կարեւոր: Հայ զինուորները եւ սպաները կազմում են մեր կամաւորների ստուար մասը:

Նրանք ոչ միայն կամաւորագրուել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլեւ նրանցից երկուսը՝ Արտակ Լազեանը եւ Յովհաննէս Ալիխանեանը, փրկել են մարդկային կեանքեր՝ նուիրաբերելով իրենց ցօղունային բջիջները փոխպատուաստման կարիք ունեցող հիւանդներին»,- ասաց նա: